ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր հեռավար ասուլիսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաջող ելույթներին Ազգերի լիգայում, որի C լիգայի իր խմբում մեր ընտրանին առաջին տեղը զբաղեցրեց:
Մելիքբեկյանը նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր առջև դրած խնդիրը լուծել է հաջողությամբ:
«Շատ են խոսում այն մասին, որ մեր մրցակիցներն ունեցել են խնդիրներ Քովիդի պատճառով, կազմը լիարժեք չի եղել, բայց այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք, աննախադեպ էր: Բացի Քովիդի հետ կապված խնդիրներից, սեպտեմբերի վերջին վրա հասավ պատերազմը, և փաստացի, վերջին 4 հանդիպումն անցկացվել է պատերազմական դրության պայմաններում:
Երկու խաղ՝ ամենակարևոր մեր խաղերը՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի դեմ անցկացվեցին Լեհաստանում և Կիպրոսում: Բոլորս այդ օրերին առաջին հերթին մտքով ռազմաճակատում էինք: Նաև եղան Քովիդով հիվանդությունների բազմաթիվ դեպքերը: Եվ այս պայմաններում այդ հաջողությունն էլ ավելի արժեքավոր է մեզ համար»,- նշեց ՀՖՖ նախագահը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին խոսելիս Մելիքբեկյանը հիշեցրեց՝ մենք 5-րդ զամբյուղի առաջին թիմն ենք, պետք է սպասել վիճակահանությանը, չնայած Եվրոպայում այլևս թույլ թիմեր չեն մնացել, բոլոր խաղերը բարդ են, դա ապացուցեց նաև Ազգերի լիգայում Հայաստանի մրցակից Էստոնիան, որը խմբի հետնապահն էր, բայց բոլոր թիմերից խլեց կարևոր միավորներ: