Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի երկրի արտաքին գործերի նախարարություն` Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից բանաձևի ընդունման առնչությամբ, որով կոչ է արվում Ֆրանսիայի իշխանություններին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությանը:
Բաքուն բանաձևի ընդունումը գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «անբարյացակամ ու սադրիչ քայլ»: «Սենատից հետո (խորհրդարանի վերին պալատ) խորհրդարանի ստորին պալատի կողմից կողմնակալ բանաձևի ընդունումը վկայում է Ադրբեջանի դեմ երկարատև արշավի մասին»,- ընդգծել են նախարարությունում: Նրանք հավելել են, որ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի նման քայլը «վնասում է երկրի միջնորդի լիազորություններին», լուրջ վնաս է հասցնում խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին ինչպես տարածաշրջանում, այնպես էլ համաշխարհային մակարդակով:
Հինգշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովը սատարեց Սենատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևը, որը երկրի իշխանություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: