Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս գերեվարվել է մեր հայրենակից 41-ամյա Վիգեն Էուլջեկյանը: Սփյուռքահայ կամավորականին թշնամին ներկայացնում է որպես ահաբեկիչ, լայնորեն տարածում իր մեդիադաշտում: Ադրբեջանն այս կերպ շարունակում է կեղծ քարոզչությունը: Այնինչ կան բազում ապացուցված փաստեր, որ Թուրքիայի միջամտությամբ Ադրբեջանի կողմից են հազարավոր վարձկան-ահաբեկիչներ մասնակցել պատերազմին:
Զարեհ Սինանյան (Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Ադրբեջանը փորձում է հավասարի նշան դնել իր սիրիացի և լիբիացի վարձկան ահաբեկիչների օգտագործման և հայազգի, բայց ոչ Հայաստանում ծնված անձանց ռազմական գործողություններին մասնակցության միջև:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ասում է՝ հայրենիքի փրկության համար որպես կամավորական պատերազմ եկած մեր հայրենակիցները չեն վարձատրվել, մինչդեռ ադրբեջանական տեսանյութում Վիգենը պատմում է, թե իբր 2500 դոլարով իրեն առաջարկել են կռվել Արցախում.
Վիգեն Էուլջեկյան - Ինձի տեղափոխեցին, մեզի՝ ամենքիս, Շուշա քաղաք, Շուշա հյուրանոց, Ղարաբաղ։ Հոն օտար մարդիկ կային, որից հետո իրենց տարել են Մարտունու զորամաս, զինվորական համազգեստ ու զենքեր տվին:
Տեսանյութում պարզ երևում է, որ Վիգենն անգիր արված տեքստ է կարդում: Զարեհ Սինանյանը վստահեցնում է՝ Վիգենը մեր հայրենադարձված հայրենակիցներից է: Իրենք տեսանյութում առաջ բերված փաստերը ներկայացրել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, Կարմիր խաչին ու պետական կառույցների.
Զարեհ Սինանյան - Այս ամենը պետք է արվի նաև այլ գերիների փոխանակման համատեքստում, որովհետև մեզ համար բոլոր հայրենակիցները թանկ են և շատ կարևոր:
Ադրբեջանը տարածված տեսանյութում օգտագործել է նաև Վիգեն Էուլջեկյանի ֆեյսբուքյան էջից լուսանկարներ, սակայն այդ լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Վիգենը երկար տարիներ ապրել է Հայաստանում: Զարեհ Սինանյանն ասում է՝ Վահեին վարձկան-ահաբեկիչ ներկայացնելն անհեթեթություն է: