«Կուսակցությունների մասին» օրենքն էական փոփոխությունների կենթարկվի: Թեմայի շուրջ առցանց քննարկմանը Համազասպ Դանիելյանը մանրամասնեց՝ «Իմ քայլը» խմբակցության նախագծով մի քանի հիմնական փոփոխություն է լինելու:
Նախ՝ ֆինանսավորման տեսանկյունից կուսակցությունները կդառնան ավելի թափանցիկ և բիզնեսից անկախ: Իրավաբանական անձանց կուսակցություններին ֆինանսավորելու արգելք կդրվի: Ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությունների թույլատրելի սահմանաչափը կնվազեցվի՝ 10 միլիոնի փոխարեն դառնալով 2.5 միլիոն:
Կվերանայվի նաև կուսակցությունների հանրային կամ պետական ֆինանսավորման կարգը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» կարծում են, որ օրենքի նախագծում խնդրահարույց կետեր չկան, և այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Որոշ փոփոխությունների անհրաժեշտություն էլ գուցե առաջանա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փուլում:
Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որը ներգրավված չի եղել նախագծի մշակման աշխատանքային խմբում, ներկայացված տարբերակի հետ կապված վերապահումներ ունի. կուսակցական համակարգի կայացման համար միջամտությունն ու կիրառվող սանկցիաներն ավելի խիստ պետք է լինեին, այս տեսքով խնդիրները չեն լուծվի:
Դեռ սեպտեմբերին շրջանառության մեջ դրված, սակայն պատերազմի պատճառով հետաձգված օրենքի նախագծի քննարկումը նախատեսված է առաջիկա քառօրյային: