Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված բանաձևի կապակցությամբ:
«Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 4-ին ընդունված բանաձևը, որը վերահաստատում է նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևում արտահայտված առանցքային դիրքորոշումը երկրի կառավարության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։
Կարևորում ենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի դիրքորոշումն ամբողջականացնող այս բանաձևը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիան և խաղաղ բնակչության դեմ ազգային ատելության հիմքով իրականացված հանցագործությունները։
Բարձր ենք գնահատում նաև ֆրանսիացի խորհրդարանականների ջանքերը՝ Ֆրանսիայի իշխանությունների և եվրոպական այլ երկրների հետ գործակցությամբ Արցախին մարդասիրական աջակցության ապահովմանը, ինչը կարևոր ներդրում կլինի պատերազմի հետևանքով մեր հանրապետությունում առաջացած մարդասիրական ճգնաժամի արդյունավետ լուծման համար։
Լիահույս ենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված բանաձևերն ամուր քաղաքական հիմք կհանդիսանան ֆրանսիայի կենտրոնական իշխանությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար։
Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կերաշխավորի իր հայրենի հողում ազատ և արժանապատիվ ապրելու Արցախի քաղաքացիների իրավունքները և կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի ամուր անվտանգության, կայունության և կանխատեսելիության ապահովմանը։
Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևերի ընդունումը նաև լրացուցիչ խթան կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը»,- ասված է մեկնաբանության մեջ։