Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալական օբյեկտներում ականազերծման աշխատանքները. հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Դպրոցական զանգը հնչել է Ստեփանակերտի ևս մեկ դպրոցում: Կայքի տեղեկություններով՝ ավարտվել են տեղանքի հետազոտության, պայթյունավտանգ առարկաների որոնման և մաքրման աշխատանքները Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի տարածքում:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները ստուգել են դպրոցի և հարակից տարածքներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, աջակցել են ուսումնական հաստատությունում վերանորոգման աշխատանքներ իրականացնելուն և ապահովել անհրաժեշտ կրթական գույքի և սարքավորումների տրամադրումը:
Ռուսաստանցի խաղաղապահների օգնությամբ դպրոցականներն ու ուսուցիչները վերադառնում են Լեռնային Ղարաբաղ: Այլ վայրերում ևս աշխատանքներ են տարվում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի ինժեներական ստորաբաժանումների կողմից՝ տարածքի և օբյեկտների մաքրման աշխատանքների ավարտից հետո:
Ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա: