Տասն ամիս առաջ ընկերները Վաչեին բանակ ճանապարհեցին Շողակաթ եկեղեցուց: Պայմանավորվեցին, որ հանդիպման վայրը չի փոխվելու նաև վերադարձից հետո։ Պատերազմը, որքան էլ դաժան՝ ի զորու չեղավ խախտել տղաների պայմանը։ Արձակուրդ եկած զինվոր ընկերոջը դիմավորեցին նույն վայրում։
Հարություն Աբրահամյան (Վաչե Ֆահլաբաշյանի ընկերը) - Շնորհակալ եմ, որ էս նույն խաչի ներքո մեր հանդիպումը կայացավ։
Այն, ինչ տեսել էր միայն կռիվ կինոներում, Վաչեն ստիպված է եղել զգալ սեփական մարմնով։ Ավերն ու կոտորածը շատ էին, բայց ամենասարսափելին ու անդառնալին ընկերների կորուստն էր, որ չի ջնջվում հիշողությունից։ Ապրածն ու զգացածը միանգամից հասունացրել է նրան։
Վաչե Ֆահլաբաշյան (ժամկետային զինծառայող) - Պետք չէր էս ձևով հասունանային, ավելի լավ էր տևեր 10 տարի, ոչ թե 2 ամիս, բայց մեր ընկերները մեր կողքին լինեին։
Կյանք ու կռվի արանքում ոչ մի րոպե չի մտածել փրկվելու մասին։ Կարևորը, ասում է՝ մարտական առաջադրանքներից չշեղվելն ու գործը պատվով կատարելն էր։
Վաչե Ֆահլաբաշյան - Ինչ գնով էլ լինի՝ մարտական առաջադրանքը կատարել, որ մեր ընկերների արյունը իզուր չլինի։
Իսկ Արմանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Բեկորային վիրավորում ստացավ Մեխակավանում՝ մարտական առաջադրանքը կատարելիս։ Բժշկական համալսարանի առաջին կուրսեցին մի պահ չի էլ զգացել, որ լուրջ վիրավորում է ստացել․ մարտը շարունակել է՝ ցավին ուշադրություն չդարձնելով։ Արմանին տուն են ուղարկել ավելի շուտ․ եկել է բուժվի ու նորից վերադառնա։
Արման Քասիմյան (ժամկետային զինծառայող) - Ոսկորը կպած չի, մայրական խնամքի մեջ եմ գտնվում...
Կռիվը՝ կռիվ, բայց դրա արանքում տղաները նաև հումոր անելու, ճնշող մթնոլորտը երգով ցրելու ժամանակ ու տրամադրություն էլ են ունեցել։
Արման Քասիմյան - Մթնոլորտը շատ ուրախ էր մեր մոտ, կողքից նայեիր՝ չէիր ասի, որ կռիվ է:
Վաչեն ու Արմանը Էջնիածնի 5-րդ դպրոցի շրջանավարտներ են։ Դպրոցի տնօրենը ոչ մի րոպե չի կասկածել, որ իր չարաճճի սաները հայրենիքի իսկական պաշտպաններ են լինելու։ Ցավոք, դպրոցից երեք զոհ ունեցան, նաև՝ վիրավորներ, որ հիմա բուժում են ստանում։
Գայանե Սաֆարյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի տնօրեն) - Որևէ պահի չեմ դադարել աղոթել իրենց համար, որ հաղթահարեն, որ ապրեն, որովհետև ապրելու և ապրեցնելու են։ Պարադոքսալ բան եմ ասում՝ իրատեսորեն լավատես լինել, բայց այլ բանի իրավունք չունենք։
Հիմա դպրոցում մեկիկ-մեկիկ հավաքում են մերօրյա հերոսների մասին պատմությունները, որ սաներին կրթեն իրական քաջերի օրինակով։
Արփինե Սաֆարյան (Էջմիածնի 5-րդ ավագ դպրոցի սոցմանկավարժ) - Իրենք ապրեցին այդ դասերը, երբ որ նոր էր սկսվել, շատ արագ մոբիլիզացվեցին երեխաները:
10 ամիս առաջ, երբ այս նույն վայրում Վաչեն մոմ էր վառում, ցանկություններն ու երազանքներն անձնական բնույթի էին։ Հիմա դրանց մեջ արդեն պայքար ու վճռականություն կան։
Վաչե Ֆահլաբաշյան - Խնդրում եմ, որ խաղաղություն լինի, ու մի օր մեր կորցրածը հետ բերենք։