Շիրակի մարզի Սարապատ համայնքում գյուղատնտեսական, մասնավորապես, գյուղտեխնիկայի խնդիրները գրեթե 90 տոկոսով մնացել են անցյալում։ Միավորված համայնքի ղեկավարը թվարկում է, թե վերջին շրջանում որքան գյուղտեխնիկա են ստացել։ Արտուշ Մանուկյանի խոսքով՝ Սարապատում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս շահեկան է դարձել գյուղացու համար։
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող` Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագրով Սարապատ համայնքը վերջին մեկ ամսում ստացել է 9 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա, իսկ առհասարակ ծրագրի ընթացքում Սարապատին հատկացված գյուղատնտեսական և կոմունալ տեխնիկայի արժեքը կազմում է 138 միլիոն 238 հազար դրամ. համայնքի ներդրումը 10 տոկոս է, որից ընդամենը 2,5-ն է դրամային։
Սարապատում հնամաշ գյուղտեխնիկայով անարդյունավետ գյուղատնտեսությանը փոխարինելու է եկել համակարգված աշխատանքը։ Ծրագրի արդյունքները սպասվածից ավելի դրական են` վստահեցնում է համայնքապետը։ Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման ծրագիրը շարունակվում է։ Սարապատ համայնքում 2021 թվականին նախատեսվում է նաև 50 կիլովատտ ընդհանուր հզորությամբ արևային կայանների տեղադրում, կներդրվի մոտ 13 միլիոն դրամ։