Հայաստանում արդեն գործում է կապի ազգային օպերատոր: «Թիմ» ընկերությունը, որի սեփականատերերը հայեր են՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, գնել է «Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիա»-ի բաժնետոմսերը:
Ալեքսանդր Եսայան («Թիմ» ընկերության համասեփականատեր)- «Վեոն Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասերն անցել են «Թիմ» ընկերությանը, և ունենք ամբողջությամբ հայկական ընկերություն:
Կլինեն նոր ծրագրեր՝ նոր լուծումներով՝ ասում են համասեփականատերերը: Կկառուցվի նոր ցանց, բնակիչներին կմատակարարեն որակապես նոր ծառայություն:
Հայկ Եսայան («Թիմ» ընկերության համասեփականատեր)- Շուրջ երեք ամիս հետո մենք կունեանք նոր օպտիկական ցանց Երևանում: Ստեղծում ենք նոր ցանց՝ NGN, որտեղ ցանկացած բնակարան հնարավորություն կունենա մինչև 10 գիգաբիթ թողունակություն արագություն ունենալ:
5 տարում 40-60 միլիոն դոլարի ներդրում կանեն: Եսայան եղբայրները հերքում են համացանցում տարածված լուրը, թե ներկայիս ընկերության տնօրեններից մեկն ազգությամբ թուրք է: Նախկին կառավարիչներից «Վիմպելկոմ կոմունիկացիա» ընկերության խորհրդի տնօրենն ազգությամբ թուրք է եղել՝ ասում է Ալեքսանդր Եսայանը: Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի ձայնագրմանն ու խոսակցությունների արտահոսքին, սեփականատերերը հերքում են:
Ալեքսանդր Եսայան- Նման բան չի եղել:
Հայկ Եսայան- Զանգերի փոխանցման մասին նման ինֆորմացիա էլ չկա, որ նման բան տեղի է ունեցել: Հայաստանի օրենսդրությամբ սահմանված՝ նաև չես կարող զանգերը ձայնագրել: Այս ընկերությունում, կարող եմ վստահեցնել, ոչ մի զանգ չի ձայնագրվում, չես կարող դա փոխանցել: Նման բան չկա և չի եղել, դա ուղղակի զրպարտանք է:
Տեխնիկական անվտանգությունն, ըստ Հայկ Եսայանի, ընկերությունում առաջնահերթ է նույնիսկ արտաքին ուժերի համար, որոնք կփորձեն կոտրել կապի համակարգը, իրենք առավերագույնս պաշտպանված են: Համասեփականատերերն այժմ հանձնարարել են ընկերության իրավաբանական բաժնին խնդրին իրավական ընթացք տալ: