ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ՀՀ արտգործնախարարի՝ Մոսկվա կատարելիք այցի և երկկողմ հարաբերությունների մասին:
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ արտգործնախարարը դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա: Նախանշված բանակցությունների ընթացքում կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային հիմնախնդիրներ, երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը՝ շեշտը դնելով մարդասիրական օգնության տրամադրմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին, այդ թվում՝ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Նախարարները կքննարկեն մեր հարաբերություններին առնչվող թեմաների լայն շրջանակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՀԿ և այլ ձևաչափերով»,- հայտնել է Զախարովան:
Մարիա Զախարովան հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, տարբերվում են բարձր մակարդակներով ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ, արդյունավետ միջխորհրդարանական շփումներով:
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հավաստմամբ՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Մոսկվայում կայանալիք առաջիկա բանակցությունները կնպաստեն հետագա երկկողմ դաշնակցային գործակցության զարգացմանն ու Հարավային Կովկասում անվտանգության ու կայունությանը ամրապնդմանը: