Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Սպիտակ համայնքում է: Այստեղ այս տարի 5 սուբվենցիոն ծրագիր է իրականացվում` ընդհանուր շուրջ 451.1 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 235.2 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային և այլ ներդումներ:
Սպիտակում այս տարի իրականացվող ծրագրերն են.
Ալեք Մանուկյան, Ավետիսյան և Թորոսյան փողոցների մի շարք շենքերի, ինչպես նաև Ուզբեկական, Եռանկյունի և Վարպետաց թաղամասերի ճանապարհների ասֆալտապատում` ընդհանուր մոտ 1 կմ (7600 քառ. մետր մակերեսով): Շինարարական աշխատանքներն ավարտվել են:
Քաղաքային հրապարակի լուսային (ծրագրային ապահովմամբ) շատրվանների կառուցում և հրապարակի լուսային ձևավորում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է 1996-1997 թվականներին կառուցված քաղաքային հրապարակի շատրվանների վերակառուցում` լուսային էֆեկտներով, ինչպես նաև հարակից 6 շենքի լուսային ձևավորում: Ջրավազանի նորոգման աշխատանքներն ավարտվել են։
Համայնքի 3 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է համայնքի՝ դեռևս 1990-ական թվականներին հիմնանորոգված Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14 և Թորոսյան 21 շենքերի արտաքին պատերի, նկուղների, տանիքների ջերմամեկուսացում, տանիքների և շքամուտքի պատուհանների փոխարինում: Ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան շենքերում տարեկան կտրվածքով կապահովվի 50-60% էներգախնայողություն` էապես կրճատելով բնակիչների կոմունալ վճարները: Ծրագրի շահառու է վերոնշյալ շենքերի մոտ 320 բնակիչ: Այս ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ, պետբյուջե և համայնք համատեղ ներդրմամբ:
Համայնքի կարիքների համար գրեյդեր և հիբրիդային դիզել (էլեկտրական) ավլող, փոշեկուլ մեքենայի ձեռքբերում։ Ծրագիրը կնպաստի համայնքի գրունտային ճանապարհների՝ ժամանակին և արդյունավետ բարեկարգմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ավելացնել սանիտարական մաքրման տարածքը: Կստեղծվի 2 նոր աշխատատեղ:
Համայնքի փողոցային լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիկական ցանցի կառուցման ծրագիրը ևս ընթացքի մեջ է։