Իրանի ռազմավարական գերատեսչության պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆահրիզադեն նոյեմբերի 27-ին Աբսարդ քաղաքի ճանապարհին հարձակման էր ենթարկվել: Մեքենայի պայթյունի և կազմակերպված հարձակման հետևանքով ծանր վիրավորված գիտնականը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Իրանի միջուկային ֆիզիկայի զարգացման առանցքային մասնագետներից մեկը համարվող Ֆահրիզադեի սպանության համար պաշտոնական Թեհրանը շտապեց մեղադրել Իսրայելին:
Ջավադ Զարիֆ (ԻԻՀ ԱԳ նախարար) - Այդ ստոր արարքը, որտեղ կան Իսրայելի դերի լուրջ վկայություններ, ցույց է տալիս հանցագործների հուսահատ քայլը՝ պատերազմ հրահրելու համար: Կոչ եմ անում միջազգային հանրությանը և հատկապես Եվրամիությանը՝ դադարեցնել երկակի ստանդարտների քաղաքականությունը և դատապարտել պետական ահաբեկչական գործողությունը։
Թեպետ իրանական իշխանությունը գիտնականի սպանության կազմակերպման համար մեղադրում է Իսրայելին, բայց որպես իրականացնողներ՝ նշվում են տարբեր խմբավորումների անուններ: Իրանական լրատվամիջոցներն արդեն սկսել են մատնանշել նաև Ադրբեջանի կողմից Արցախում կռված ահաբեկիչներին:
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշում է, որ Իրանի հյուսիսային սահմաններին մոտ ահաբեկիչների տեղակայումը անհանգստություն է առաջացրել Թեհրանում: Չնայած դրան՝ իրանական իշխանությունը զգուշանում է հրապարակային մեղադրանք հնչեցնել Ադրբեջանի հասցեին:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ իրենք դաժան պատասխան կտան միջուկային ֆիզիկայի առանցքային մասնագետի սպանության համար: Ահաբեկիչները Իրանի սահմանին մոտ են՝ իր հերթին հայտարարել է այաթոլլահ Խոմեյնիի ռազմական խորհրդատու, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհքանը:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան