Ընդդիմադիր 16 կուսակցության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Որոշումը կայացվել է այսօր՝ Հայրենիքի փրկության ազգային շարժման խորհրդի ժամանակ։ Հիմնականում արտախորհրդարանական ուժերից կազմված ընդդմադիր միավորման անդամները վստահ են՝ Մանուկյանը երկրին կբերի հանդարտություն, կայունություն, և նրա գլխավորած ժամանակավոր կառավարությունը կկազմակերպի արդար ու թափանցիկ ընտրություններ։
Վարչապետի փոփոխության երկու տարբերակ կա՝ ասում է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Կա՛մ Փաշինյանն ինքն է հրաժարական տալիս ու հեռանում, կա՛մ խորհրդարանն է նրան անվստահություն հայտնում։ Այսօր արտախորհրդարանական, իսկ նախկինում՝ գրեթե բոլոր իշխանությունների հետ կոալիցիա կազմած Դաշնակցությունում վստահ են՝ ԱԺ-ում, թեև իշխող ուժ է «Իմ քայլը», սակայն հնարավոր է ապահովել անհրաժեշտ ձայների քանակը Մանուկյանին վարչապետ ընտրելու համար։
Երկրի փրկության համար պայքարող ուժերից մեկն էլ ԱԱԾ նախկին տնօրենի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն է։ Արթուր Վանեցյանն ասում է՝ հստակ որոշում կա, որ Մանուկյանը, վարչապետ դառնալուց հետո, դադարեցնելու է կուսակցական գործունեությունը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների չի մասնակցելու, որևէ ուժի էլ չի սատարելու։ Բայց այս փուլում, ըստ Վանեցյանի, երրորդ հանրապետության առաջին վարչապետը կարող է երկիրը դուրս բերել ծանր վիճակից, բանակցել Արցախի հարցով։ Իսկ ինչպե՞ս են հասնելու կառավարության փոփոխությանը․ Վանեցյանը շեշտում է՝ հանրային ճնշումը պետք է մեծացվի, ու այդ ժամանակ «Իմ քայլը» կքվեարկի իրենց բնորոշմամբ՝ ժողովրդի թեկնածուի օգտին։
Հայրենիքի փրկության ազգային շարժմանը միացած խորհրդարանական միակ ուժը «Բարգավաճ Հայաստան»-ն է։ Թեև իրենք էլ են ունեցել վարչապետի թեկնածու, բայց, ըստ Տոնոյանի, մի կողմ են դրել անձնական հավակնություններն ու եկել կոնսենսուսի։ ԲՀԿ-ական պատգամավորը հավատում է, որ իշխող «Իմ քայլ»-ում ունի հայրենասեր գործընկերներ, որոնք գիտակցում են պահի լրջությունը։ Նրանց, նաև խորհրդարանի երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստան»-ի հետ, սակայն, դեռ քննարկում չեն ունեցել։ Իսկ կառավարության ղեկավարին, ըստ մայր օրենքի, ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանը չի կարող սկսել, քանի դեռ երկրում ռազմական դրություն է՝ նշում է Տոնոյանը։ Լրագրողները հետաքրքրվում են՝ Փաշինյանին աջակցելու՝ Ռուսաստանի նախագահի երեկվա հայտարարությունը կարո՞ղ է տրամադրություններ փոխել, նոսրացնել ընդդիմության աջակիցների շարքերը։ ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքում է՝ դա կլինի միամտություն:
Ընդդիմադիրներն այսօր այդպես էլ չբացեցին իրենց ճանապարհային քարտեզի փակագծերը։ Խոստացան՝ ամեն ինչ հերթով, շարքով՝ շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ կներկայացնի անձամբ Վազգեն Մանուկյանը։