Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման և հանրությանը հետաքրքրող հարակից այլ հարցերի շուրջ պարզաբանումներ տալու նպատակով այսօր Արցախի պետական համալսարանում մամուլի ասուլիս է հրավիրել ռեկտոր Արմեն Սարգսյանը:
Ռեկտորը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 1-ից ԱրՊՀ-ում ավանդական եղանակով արդեն վերսկսվել է 2020 թ. առաջին կիսամյակի ուսումնական գործընթացը: Նրա խոսքով` առաջին օրը պարապմունքներին մասնակցել է ուսանողության շուրջ 36 տոկոսը, իսկ աշխատանքի ներկայացել է համալսարանի 300 աշխատակիցներից 248-ը: Բացակայությունների հիմնական մասը կապված է ընտանեկան, առողջական և այլ պայմանների հետ:
«Մենք ունենք իրենց բնակավայրերից տեղահանված ուսանողներ, ովքեր բնակվելու տեղ չունեն: Մենք ունենք ուսանողներ, ովքեր այս պատերազմում կորցրել են հարազատներ: Հարգելի պատճառով բացակայած որևէ ուսանող չպիտի տուժի»,- ասել է ռեկտորը:
«Համոզված եմ, որ համալսարան ներկայացած ուսանողների և աշխատակիցների թիվը օրեցօր աճելու է»,- նշել է ռեկտորը` ռազմական դրության պայմաններում առկա ցուցանիշները առաջին օրվա համար գնահատելով դրական:
Խոսելով ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացը հեռավար եղանակով անցկացնելու մասին` ռեկտորը նշել է, որ փորձը ցույց է տվել այդ եղանակի ոչ լիարժեք արդյունավետությունը: Հեռավար եղանակով կազմակերպված պարապմունքներին մասնակցել են ուսանողության 65, իսկ դասախոսների 83 տոկոսը միայն: Այդ պատճառով ռեկտորատը որոշում է կայացրել պարապմունքները կազմակերպել ավանդական եղանակով: Նաև ռեկտորատի որոշմամբ չեղարկվել են ընթացիկ բոլոր ստուգումներն ու փորձուսուցումները: Առաջիկայում նախատեսվում է կիսամյակային ստուգումներն անցկացնել ավանդական եղանակով (ստուգված/չստուգված), որը ընդունված տարբերակ է բազմաթիվ առաջատար բուհերի համար, մանավանդ` համավարակի պայմաններում:
Ի պատասխան ուսման վարձավճարների մասին հարցի` ռեկտորը հիշեցրել է, որ Արցախի Հանրապետության նախագահը դեռևս տարեսկզբին մի քանի անգամ հայտարարել էր, որ բուհերում ուսուցման վճարովի համակարգի ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն կառավարության կողմից: Անդրադառնալով ԱրՊՀ հանրակացարանը պատերազմի պատճառով տեղահանված բնակիչներին տրամադրելու հարցին` ռեկտորը հույս է հայտնել, որ ուսանողները ըմբռնումով կմոտենան հարցին, և հանրակացարանում բնակվող ուսանողների հարցը որևէ ձևով կլուծվի: Որոշումը բխում էր ռազմական դրությունից: Ռեկտորը խոսել է նաև պատերազմի պատճառով կրած վնասներից` նշելով, որ բուհի տարբեր մասնաշենքերում կատարվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ, շենքերն ապահովել են ջեռուցմամբ:
Հարցին, թե ինչքանով է երաշխավորված վերադարձողների անվտանգությունը, ռեկտորը պատասխանել է, որ դեկտեմբերի 1-ին դասերն ավանդական եղանակով վերսկսելու թույլտվություն ստացել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանից: Ամփոփելով ասուլիսը` ռեկտորը շնորհակալություն է հայտնել լրագրողներին: Լրագրողները նաև շրջայց են կատարել համալսարանում, եղել տարբեր լսարաններում, որտեղ ընթանում էին պարապմունքներ, խոսել վերադարձած ուսանողների և դասախոսների հետ. տրամադրությունը համալսարանում աշխատանքային է, լավատեսական: