Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում նախաորակավորված մասնակիցների ցանկը, մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու և մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու մասին հարցը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կարգավորման նպատակը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքում «Այգ-1» 200 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման ու շահագործման նպատակով մրցույթի պատշաճ կազմակերպումը, անցկացումն ու հաղթողի ընտրությունն է:
Ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմում են՝ ՏԿԵ նախարարի տեղակալը, արդարադատության նախարարի տեղակալը, ՇՄ նախարարի տեղակալը, ֆինանսների նախարարի տեղակալը: Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանն առաջարկեց հանձնաժողովում ընդգրկել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մրցույթը կամփոփվի փետրվարին, և հաղթողի անունը հայտնի կդառնա այդ ժամանակ: