ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պատերազմի հետևանքները համարում է ողբերգություն, բազմաթիվ ընտանիքներում խնդիրներ են առաջացել, և իրենց նախարարության աշխատանքը յուրաքանչյուր օր միտված է հենց այդ խնդիրների լուծմանը:
Առաքելյանի խոսքով՝ վարչապետը պարզաբանել է այն անելիքները, որն առաջիկա ամիսներին նախատեսված է հրապարակված ճանապարհային քարտեզով: Ասաց, որ այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված խնդիրները հնարավորինս արագ լուծելուն: Անդրադառնալով նախարարության անելիքներին՝ Մեսրոպյանն ասաց.
«Կառավարության նիստում երեք միջոցառում հաստատվեց, և ես այս պահին կենտրոնացած եմ այդ միջոցառումների իրականացումն հնարավորինս արագ ապահովել, քանի որ հազարավոր քաղաքացիների հետաքրքրում է իրենց սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը»:
Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում: Մեսրոպյանը շեշտեց, որ հասկանում են՝ դա հնարավոր չէ իրականացնել կարճաժամկետ հատվածում, բայց քայլեր են ձեռնարկվում, որ այդ քաղաքացիները կարողանան ժամանակավոր պատշաճ բնակվել ՀՀ տարածքում: