Բաքուն կարո՞ղ է արդյոք Հայաստանից ռազմատուգանք պահանջել. ադրբեջանական աղբյուրները վերջերս նույնիսկ թիվ շրջանառեցին՝ 50 մլրդ դոլար: Պահանջել՝ գուցե կարողանան, ստանալ՝ հազիվ թե... կարծում է Արա Ղազարյանը:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Իրավական գործընթացում այդ հնարավորությունները քիչ են, մանավանդ որ ՄԻԵԴ-ը կիրառում է, կողմերի հնարավորությունը հաշվի է առնում, այստեղ կարելի է բացառել այդ խոշոր թվերը:
Ըստ Ղազարյանի՝ ֆինանսական կոնտրիբուցիայի մասին հնարավոր է խոսել միայն, երբ կա խաղաղության պայմանագիր, ոչ թե մեր այժմյան ունեցած՝ պատերազմի դադարեցման փաստաթուղթը: Այս դեպքում Բաքվի կողմից ստատուս քվոյի ձգձգումը կլինի Երևանի օգտին՝ ասում է:
Արա Ղազարյան - Իրավաբանորեն այն կողմն է խոցելի, ով ստատուս քվո է ձգձգում: Ադրեբաջանը խոցելի է, հիմա մենք առավելություն ենք ստանում:
Միջազգային ատյաններին ներկայացնելու նպատակով հայկական կողմն էլ պետք է հաշվառի պատերազմից իր կորուստները՝ կորցրած բիզնեսներ, տներ և այլ գույք: Դանդաղելը սխալ կլինի՝ համոզված է ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչը:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ) - Հակաքայլն այն է, որ Հայաստանն ինքը պետք է առաջինը մտածի այդ մասին, վնասների մասին:
Հրատապն այժմ ադրբեջանցիների մոտ հայտնված հայ գերիների խնդիրն է: Հարցը կառավարությունը խումբ առ խումբ ՄԻԵԴ է հասցնում՝ փորձելով միջազգային դատարանի կիրառած միջանկյալ միջոցով գոնե տեղեկություն ստանալ՝ առողջական ինչ վիճակում, ինչ պայմաններում են թշնամու մոտ գտնվող զինվորական ու քաղաքացիական մեր անձինք:
Եղիշե Կիրակոսյան - էս պահի դրությամբ մենք ժամկետ ունենք մինչև ամսի 4-ը՝ վաղը, որ Ադրբեջանը պետք է կոնկրետ անձանց վերաբերյալ ներկայացնի տեղեկություններ: Մի քանի օր առաջ նաև ներկայացրել ենք մի քիչ ավելի մեծ խմբի՝ ենթադրյալ ռազմագերիների մասին պահանջ՝ այս պահին մանրամասներ չեմ բացի:
Երկրի հետագա քայլերի համար՝ անհրաժեշտ է նաև... աշխարհին ներկայացնել Ադրբեջանի իրական դեմքը. ֆոսֆորական անթույլատրելի զենք ու կասետային ռումբ կիրառող, գերիներին նվաստացնող երկիրն ագրեսոր է, որն անարդար պատերազմ է վարել:
Արա Ղազարյան - Այս փաստարկը մեզ շատ է պետք գալու, որ առաջ տանենք մեր վեճերը տարբեր դատարաններում, ընդհուպ Հադրութի դեօկուպացիային, որը մոտ ապագայում կբարձրացվի, խոսքը 7 շրջանի մասին չէ, որոնք Արցախը հայտարարել է հանրային իրավունքի ուժով անկախ տարածք:
Փաստաբաններին հիմնավոր ապացույցներով ապահովելու նպատակով՝ Արցախի ու Հայաստանի օմբուդսմեններին զուգահեռ, այժմ տվյալներ հավաքելու գործով են զբաղված ինչպես տեղական, այնպես էլ հեղինակավոր միջազգային կառույցները:
Արթուր Սաքունց (իրավապաշտպան) - Ակնկալվում է «Ամնեսթի ինթերնեշնլի» կողմից զեկույց: Նրանք փաստերի հիման վրա լրացուցիչ ճշտումներ են անում:
Դեռևս սպասողական վիճակ է՝ Հայաստանի արտգործնախարարության նոյեմբերի 13-ի հաղորդագրության առումով: Եթե Բաքուն չարձագանքի՝ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք քարոզելու, մշակութային մեր ժառանգությունը ոչնչացնելու մեղադրանքներին, վեճը մեր երկիրը կփորձի լուծել այլ հարթակում:
Եղիշե Կիրակոսյան - Նախատեսվում է, որ եթե բանակցությունների միջոցով վեճը չի լուծվում, կողմերն իրավունք ունեն խնդիրը փոխանցել ՄԱԿ-ի միջազգային դատարանին: