ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային արվարձանները մաքրել են պայթյունավտանգ առարկաներից: Ականազերծման ընթացքում սակրավորները մեկ օրում հայտնաբերել և վնասազերծել են մոտ 100 պայթյունավտանգ առարկա:
Պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորված զորավարժարան և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 38 հա տեղանք և մոտ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծել են մոտ 1100 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և վերանորոգող բրիգադներին օգնում են վերականգնել էլեկտրահաղորդալարերը, գազատարները, կապուղիները և տրանսֆորմատորային ենթակայանները: