Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկում է Արցախն անկախ հանրապետություն ճանաչելու բանաձևը: Արցախի անկախության ճանաչման բանաձևն ուղղված է երկրի կառավարությանն ու նախագահին: Վերջին խոսքը Ֆրանսիայի նախագահինն է, որ կարող է հաշվի առնել խորհրդարանի քաղաքական կարծիքը: Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախաձեռնության համահեղինակ՝ ֆրանսիացի պատգամավոր Գի Տեսսիեն խորհրդարանի ամբիոնից հիշեցրել է՝ երբ դեռ Ֆրանսիան տարիներ առաջ դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, չէր պատկերացնի, որ այսօր նորից նման աշխարհաքաղաքական ու միջազգային հանցագործությունների առաջ կկանգնեն:
Արցախում 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի երկրորդ երկիրը՝ Թուրքիան ևս իր ջիհադիստներով որոշեց պատերազմի արդյունքը:
«Ի՞նչ ենք անում մենք ինքներս՝ այդ երկրի, այդ ռեժիմի դեմ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող: Հայկական մշակութային ժառանգությունը, հայերի ինքնությունը այսօր ևս կանգնած են վերանալու վտանգի առաջ»,- ասել է ֆրանսիացի խորհրդարանական Գի Տեսսիեն:
Գի Տեսսիե (Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր) - Մենք չենք կարող չեզոք լինել և հանգիստ դիտել ողբերգությունը, որ այժմ հայերի հետ է տեղի ունենում: Սա հարյուրամյակների ողբերգություն է, որտեղ Ֆրանսիան՝ որպես Հայաստանի ջերմ բարեկամ, միշտ նրա կողքին է եղել, ընդունելով 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Ասեմ ավելին՝ ես մեծացել եմ Մարսելում՝ հայ համայնքի շրջապատում, ես ինքս չեմ կարող մոռանալ հայերի հետ ջերմ բարեկամությունը: Հայերը Ֆրանսիայի մի մասնիկն են, մենք չենք կարող այս դժվարին պահին լքել ու միայնակ թողնել նրանց: Հենց դրա համար, հենց այս պահին մեր խորհրդարանական դիվանագիտությունը պետք է գործի, որ վաղը չամաչենք ու չկարմրենք՝ մեր այսօրվա կերտած պատմության համար:
Մեզ համար պետք է հպարտություն լինի ճանաչել Արցախի անկախությունը՝ պաշտպանելով համամարդկային արդարությունն ու մարդու իրավունքները: Արցախի անկախության սիմվոլիկ ճանաչումը նրանց ինքնորոշման հարցն արդեն անհապաղ իրավական ճանապարհով տանելու և միջազգայնացնելու հնարավորություն կտա: Պատմության ընթացքում Հայաստանը մեր կողքին է եղել, երբ ազատության համար պայքար ենք մղել, այժմ մեր պարտավորությունն է Արցախի ժողովրդի կողքին լինել: Մենք չկարողացանք խուսափել պատերազմից, խուսափենք անպատվությունից: