Հայաստանի հին էլիտան դուրս է եկել ժողովրդի դեմ ճակատամարտի: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իշխանությունը բռնությամբ զավթելու տապալված փորձից հետո հիմա էլ փորձում են նույնն անել փողոցային պայքարի միջոցով: «Լուրեր»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությանը՝ ասում է «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)- Կա լեգիտիմ իշխանություն, և փորձ է արվում փողոցային պայքարի իմիտացիայի միջոցով իշխանություն զավթել, կլինի Վազգե՞ն, թե՞ Քոչարյան՝ էական չէ:
Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիր քաղաքական ուժերն այսօր հայտարարեցին՝ վարչապետի իրենց թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, որը կձևավորի անցումային կառավարություն, և մեկ տարվա ընթացքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ըստ ընդդիմադիրների՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հնարավոր է հասնել ինչպես հանրային ճնշման, այնպես էլ Խորհրդարանում նրան անվստահություն հայտնելու ճանապարհով:
Սահմանադրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, բայց միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով, միաժամանակ, առաջարկվում է վարչապետի նոր թեկնածու:
Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 67 կողմ քվեով: Այս ճանապարհով գնալու դեպքում ընդդիմադիրներին, բացի «Բարգավաճ Հայաստան»-ից, Ազգային ժողովում անհրաժեշտ կլինի ոչ միայն «Լուսավոր Հայաստան»-ի կողմ քվեարկությունը, այլ՝ նաև քվեներ «Իմ քայլ»-ից: Վահագն Հովակիմյանը բացառում է, որ խմբակցությունից անհրաժեշտ թվով պատգամավորներ աջակցեն ընդդիմադիրներին:
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կնախաձեռնեն ռազմական դրության վերացումից անմիջապես հետո: «Լուրեր»-ին հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը՝ պնդելով՝ վարչապետի հրաժարականի շուրջ կա նաև հանրային պահանջ:
Միքայել Մելքումյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)- Խնդիրը միայն քանակի մեջ չէ, այդպիսի ղեկավարը չի կարող շարունակել:
Ընդդիմադիրների թեկնածուին խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժը, պարզվում է, չի սատարելու: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը տարածած հայտարարության մեջ նշում է՝ թեև վարչապետի հրաժարականի շուրջ մոտեցումները համընկնում են, սակայն չի կարող լինել իրավիճակ, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կսատարի այլ քաղաքական միավորների ընդունած որոշումները։
Գևորգ Գորգիսյան («Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար)- Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել ենք, որ հարգանքով ենք մոտենում իրենց՝ վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին, սակայն համարում ենք, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ։ Իշխան Սաղաթելյանին հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցել է վարչապետի իր թեկնածուով, ով համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն է։
Ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն դադարեցնում հանրահավաքային պայքարը: