Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում և տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաև գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործունեություն: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից: Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու են անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:
Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական եւ այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում թեկնածուն ընտրվել է: