48 րոպե նիստ՝ հասանելի բոլորի համար, հետո արդեն փակ քննարկումներ: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների առաջ խնդիրները շատ են՝ անվտանգությունից մինչև կորոնավիրուսի համավարակ: Հայկական առաջնահերթությունը գերիների փոխանակման հարցն է: Ռուսաստանի նախագահն ընդգծում է. անհրաժեշտ եղան Մոսկվայի ակտիվ միջնորդական ջանքերը, որ կանխվի արյունահեղությունը ԼՂ հակամարտության գոտում, համաձայնագիրը ստորագրած կողմերը հետևել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում, շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, հիմա կարևոր է ռազմական գործողությունների գոտում ապրող մարդկանց օգնության տրամադրումը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Ռուսական կողմը՝ Երևանի և Բաքվի հետ համակարգված, զբաղվում է բոլոր այդ հարցերով: Իհարկե, մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մեր բոլոր գործընկերների ներգրավմամբ հումանիտար աշխատանքների իրականացման հարցում:
Նիստն առաջին անգամ առցանց էր՝ տեսակապերին բնորոշ տեխնիկական խնդիրներով:
Հետո արդեն կարևոր ուղերձները հղելուն ոչինչ չխանգարեց:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այսօր մենք դեռ ունենք անհետաձգելի խնդիրների շարք: Առաջինը գերիների ու պատանդների, զոհվածների մարմինների դուրսբերման ու փոխանակման և անհետ կորածների ճակատագրի հարցն է։ Սրանք հարցեր են, որոնք չեն կարող հետաձգվել։ Հայկական կողմը պատրաստ է իր գործողություններն ինտենսիվացնել այդ գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և արագացնելու համար։ Պետք է բացառել ռազմագերիների ու պահվող անձանց նվաստացման և նրանց նկատմամբ բռնության դեպքերը: Երկրորդը արցախցիներին իրենց տներ վերադարձնելու հարցն է։ Խնդիրն այն է, որ պետք է պայմաններ ստեղծել, որ արցախցիները տուն վերադառնան։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ապահով են և կարող են ապրել իրենց հողում:
Վերջին երկու ամիսը հայ ժողովրդի համար դարձավ ագրեսիայի դիմակայման շրջան,- ասում է վարչապետ Փաշինյանը, հիշեցնում ահաբեկիչների ներգրավվածությունն Ադրբեջանի սանձազերծած պատերազմում: Մյուս կարևոր հարցը հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողների պահպանությունն ու պաշտպանությունն է, որոնք հայտնվել են ադրբեջանական զորքերի զբաղեցրած տարածքներում:
Վլադիմիր Պուտին - Իսկապես Հայաստանն ու հայ ժողովուրդն իրենց պատմության շատ դժվար փուլ են ապրել, և Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետը, ստիպված են եղել ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ: Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ էին, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ էին և վարչապետ Փաշինյանից մեծ տղամարդկություն էին պահանջում: Դա ակնհայտ է, այստեղ նստածներից յուրաքանչյուրը հասկանում է պատասխանատվության աստիճանը այսպիսի որոշումներ կայացնելիս: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Մեր խնդիրը վարչապետ Փաշինյանին և նրա թիմին աջակցելն է, որ կարողանան կարգավորել խաղաղ կյանքն ու հասնեն բոլոր ընդունված որոշումների կատարմանը:
ՀԱՊԿ նիստի ընթացքում անդամ մյուս երկրների ղեկավարներն էլ հնարավորություն ունեցան խոսելու իրենց խնդիրների մասին: Բելառուսի նախագահին, օրինակ, մտահոգում է արտաքին ուժերի ներգրավվածությունը ներքին գործերին և երկրի տարածքային ամբողջականությանը: