Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը կղեկավարի Մանե Թանդիլյանը: Բարդ պայմաններում պատրաստ է ծառայեցնել ոլորտում իր փորձն ու գիտելիքները:
Մանե Թանդիլյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար) - Արցախն ապրելու է հայերեն, Արցախը մեր սրտում է, և առանց սրտի բաբախի Հայաստան գոյություն չունի:
Գերատեսչության առաջին անելիքը տեղահանված արցախցիների վերադարձի կազմակերպումն է: Մանրամասները Մանե Թանդիլյանը քննարկել է Արցախի նախագահի հետ: Վարձակալելով ազատ բնակարանները՝ փուլային եղանակով կտեղավորեն վերադարձողներին:
Մանե Թանդիլյան - Մտադիր եմ ու մտածում եմ այսպես, որ գյուղական բնակավայրերում ապրողները նաև գյուղեր պետք է վերադառնան, դա ևս շատ կարևոր է, որովհետև ամեն մարդ չէ և ամենքին չէ պետք ապրել քաղաքում:
Արցախում մեծ ծավալի բնակարանաշինություն կլինի, որից հետո կառավարությունը կքննարկի տեղահանվածների՝ կորցրած գույքի և ունեցվածքի փոխհատուցման հարցը:
Մանե Թանդիլյան - Անհրաժեշտ է, և պատրաստվում ենք դա անել բոլոր միջոցներով՝ համահայկական միջոցներով, բարեգործական միջոցներով, նաև վերականգնել մարդկանց կորցրած ունեցվածքը՝ առնվազն նվազագույն ընդունելի պայմաններով:
Նորանշանակ նախարարը նկատում է՝ Արցախի բնակիչներին նպատակային աջակցությունն այլընտրանք չունի: Պետք է նաև ուշադրության կենտրոնում պահել տնտեսական զարգացումն ու մարդկանց զբաղվածության խնդիրը: