Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արձակուրդ վերադարձող հայ զինվորներին ոչ միայն հարազատները, այլև սովորական քաղաքացիներն են դիմավորում: կարևոր չէ, թե ով ում որդին է, բոլորն էլ մերն են՝ ասում են քաղաքացիները:
Թեև մարդիկ Արցախում զինվոր չեն ունեցել, սակայն սրտանց են եկել դիմավորելու: Այստեղ նույնիսկ փոքրերի կարելի է հանդիպել․ զինվորի սխրանքը միշտ օրինակելի պետք է լինի հաջորդ սերունդների համար:
Զինվորին դիմավորելը խորհրդանշական արարողակարգ պետք է լինի հատկապես սերունդների համար՝ ասում են մայրերը: Չէ՞ որ այս երեխաներից շատերը ընկույզ, խաղալիք, իրենց իսկ պատրաստած կոլաժները վաճառելով՝ հայ զինվորի համար դրամահավաք էին կազմակերպում:
Ով Մարտունուց, ով Հադրութից՝ գալիս են ամբողջ պատերազմը տեսած ու մաղթում՝ թող հաջորդ սերունդը միայն խաղաղություն տեսնի:
Զինվորների մի մասը պատերազմից տուն գալը նախապես չէին հայտնել ծնողներին, ասում են՝ թող անակնկալ լինի։ Նրանցից շատերի ընտանիքները ավելի քան 60 օր լուր չեն ունեցել իրենց որդիներից:
Պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը շարունակական է լինելու: