Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Բաբկեն Թունյանի նախագահությամբ հանդիպել են հանձնաժողովին կից գործող ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ:
Ընդգծելով համատեղ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը՝ Բաբկեն Թունյանը նշել է, որ կառույցն առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացնելու յուրօրինակ հարթակ կդառնա:
Նա տեղեկացրել է, որ գործելու է նաև տնտեսական հարցերի արագ արձագանքման աշխատանքային խումբ, որի նպատակն է գործարարների առջև ծառացած խնդիրների հրատապ լուծումը:
ՓՄՁ ասոցիացիայի անդամները ևս կարևորել են համագործակցության անհրաժեշտությունը՝ առաջարկելով առկա խնդիրների ամբողջական գույքագրում և, ըստ առաջնահերթության, հանդիպում-քննարկումների կազմակերպում:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շահութահարկին, պետական գնումներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին, տրանսպորտային ցանցի գործունեությանը, ճանապարհային բեռնափոխադրումներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ներդումներին վերաբերող հարցերին:
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին այդ հանդիպման կազմակերպման համար, նշել, որ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ՝ ամսական կտրվածքով:
Լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ընդգծել է, որ ներկա իրավիճակում տնտեսական զարգացումը բոլորիս համար պետք է թիվ մեկ առաջնահերթությունը դառնա: Օսիպյանի խոսքով՝ կանխատեսումներ կան, որ ընդհանուր տնտեսական իրավիճակը վատթարանալու է, ու աշխատանքային ռեսուրսների, աշխատակիցների խնդիր կա, նաև մոտիվացիայի խնդիր են տեսնում, բայց պետք է սթափ նայել իրավիճակին:
«Ասոցիացիայի դիրքորոշումը հետևյալն է՝ հիմա անձնավորված մեղավոր փնտրելով՝ ամեն մեկս մեր վրայից կարծես խնդիրը բարդենք ուրիշի վրա: Բոլոր միություններում, օղակներում թերացումներ եղել են, և այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում անել»,- ասել է Օսիպյանը՝ նշելով, որ նախկինում տարածված տեսակետ կար, թե պետք է ապահովել պետական աջակցություն մի կերպ գոյատևող բիզնեսներին, որ դուրս չգան շուկայից, իսկ հիմա պետք է թիրախը փոխվի:
«Պետք է աջակցել արդյունավետ, գրագետ, շահութաբեր բիզնեսներին, արտահանմանը միտված բիզնեսներին, որ նրանք շուկայում իրավիճակը փոխեն և դառնան մոդել՝ մյուս բիզնեսների համար, թե ինչպես է պետք կատարել աշխատանքը»,- ասել է Օսիպյանը:
Նա ընդգծել է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա Հայաստանը հնարավորությունների երկիր է, շատ բան դեռ արված չէ, պետք է հետևել միջազգային հաջողված փորձերին ու աշխատել լավագույն փորձով:
«Եթե նախկինում որոշ մարդկանց համար կարող էր ընդունելի լինել, օրինակ, աշխատակցին չգրանցելը, աշխատավարձի չափը լրիվ չգրանցելը, հարկերից խուսափելը, հիմա դա պետք է դառնա անընդունելի նաև կենցաղային մակարդակով»,- ասել է Օսիպյանը: