Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը հայտնվեց աշխարհում վերջին տեղում: «Կոմերսանտի» վերնագիրն է, որ մեջբերում է «Նյու Յորք Թայմսի» հոդվածը Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճի մասին: 100.000 բնակչի հաշվով հարևան երկիրն առաջին տեղում է վարակի տարածման ցուցանիշով: Այսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4033 նոր դեպք. ընդհանուր թիվը հասել է 143 376-ի: Օրական մահանում է մոտ 4 տասնյակ մարդ: Արդյոք շատ դեպքերի պատճառը թեստերի մեծ թի՞վն է. պարզ չէ. վրացական պաշտոնական աղբյուրները թեստավորումների թիվը չեն հայտնում:
Մոտ 4000 հիվանդի բուժում են հյուրանոցներում, իսկ դրա համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Վարակն ամենաշատը տարածվում է մայրաքաղաք Թբիլիսիում, հետո արդեն զբոսաշրջային Աջարիան է: Տեղացի փորձագետներն իրավիճակի վատթարացման պատճառը համարում են կարանտինային միջոցներից հրաժարվելը, խորհրդարանի ընտրության անցկացումն ու դրան հաջորդած ցույցերը: Իսկ իշխանությունը վախենում էր, որ ընդդիմությունը կմեղադրի իրեն ընտրական քարոզարշավը տապալելու համար, տնտեսությանն էլ շնչել էր պետք: Նոյեմբերի 28-ին երկրում նոր սահմանափակումներ մտցրին:
1. Սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը ժամը 21: 00-ից մինչև 05:00-ը ոտքով և տրանսպորտով: Բացառություն կլինի Ամանորի և Սուրբծննդյան գիշերը։
2. Սահմանափակվում են միջքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումները, այդ թվում` երկաթուղով, ավտոբուսով, երթուղային տաքսիով: Թեթև մարդատար ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումներ չկան:
3. Ռեստորաններն ու սննդի կետերն ամբողջությամբ անցնում են առաքման տարբերակին:
4. Դադարեցվում է մարզասրահների և լողավազանների աշխատանքը։
5. Գիտաժողովների, դասընթացների, մշակութային, ժամանցային միջոցառումների անցկացումը թույլատրվում է միայն առցանց ձևաչափով:
6. Չեն աշխատում բաց և փակ տոնավաճառները:
7. Մասնավոր և հանրային մանկապարտեզները դադարեցնում են աշխատանքը:
Սահմանափակումները մտցնելու նախօրեին առևտրի կենտրոնները մեծ զեղչեր սահմանեցին: Նորից հերթեր եղան, ինչը հանգեցրեց վարակվածների թվի աճի: Արգելքներ կան նաև լեռնադահուկային ժամանցի գոտիներում: Դադարեցվում է դահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների գործունեությունը: Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։ Կրթությունը՝ նորից հեռավար:
Պաատա Իմնաձե (Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար) - Վրաստանում վարակակիրների իրական թիվը երկու-երեք անգամ ավելի է: Մեր հաշվարկով՝ օրական տասը հազար մարդ: Դրանց թվում են նաև առանց ախտանշանների վարակվածները, և նրանք, որ հեշտ են տանում հիվանդությունը: Նրանք թեստ չեն հանձնում և բժշկի չեն դիմում:
Փետրվարին Վրաստանում հատուկենտ դեպքեր կային: Դրանից հետո այս վիճակի պատճառը, ըստ առողջապահության նախարարի, ամռանը զբոսաշրջային սեզոնի բացումն էր: Առողջապահության նախարարը խոստովանում է. նաև իր մեղքն էր. պետք էր ավելի արմատական լինել վարակի դեմ պայքարում: ԱՀԿ-ն Վրաստանին և ամբողջ աշխարհին կոչ է անում չկորցնել զգոնությունը: