Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը: Այս մասին հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
Արմեն Թամազյանը ծնվել է 1959 թվականին, 1980-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի որակավորում: 1985-ից, ավարտելով ասպիրանտական կրթությունը, զբաղվել է ինչպես գիտական գործունեությամբ, այնպես էլ զբաղեցրել տարբեր պաշտոններ տնտեսական ոլորտի տարբեր կազմակերպություններում:
2011 թվականից մինչ օրս Մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորն էր: Իր անմիջական ղեկավարմամբ այդ տարիներին իրագործվել են բարեկարգման, վերանորոգման և բազմաթիվ այլ ծրագրեր: Նախաձեռնող ու վճռականորեն իր ծրագրերն իրականացնող ղեկավար էր, բուհի նվիրյալ աշխատակից:
Դասավանդել է տարբեր ուսումնական հաստատություններում՝ Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի Ֆրանսիական, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարաններում, Ֆինանսաբանկային քոլեջում և այլն: Հեղինակել է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ մի շարք հոդվածներ և գիտական զեկույցների թեզիսներ, ինչպես նաև «Հարկային օրենսդրության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ցավակցում է Թամազյանների ընտանիքին՝ Արեմն Թամազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: