Ալավերդցի Հակոբն ու շնողցի Սևակն արդեն երկրորդ օրն է՝ տանն են: Տեսել են պատերազմի բոլոր դժվարությունները, սակայն այդ մասին խոսել չեն սիրում: Տղաները խոստովանում են՝ մարտի դաշտում ձևավորված ընկերությունն անփոխարինելի է:
Ծնողները մինչև պատերազմի ավարտն այդպես էլ չիմացան, որ որդին ռազմի դաշտում է, չգիտեին, որ պատերազմի հենց առաջին օրը նրանց հրետանային զորամասը հայտնվել է Արցախում:
Հակոբ Պապինյան (ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող) - Զանգով շատ չեմ խոսել, մենակ ասել եմ, որ ամեն բան լավ է, տանեցիներն էլ տեղյակ չեն եղել, իմացել են` զորամասում եմ, հենց որ վերադարձել եմ Արցախից, նոր տեղյակ եմ պահել, թե որտեղ եմ եղել:
Պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց նրանց զորամասը հետ քաշեցին՝ համալրելու նպատակով, այնուհետև՝ նորից ռազմաճակատ: Նոյեմբերի 9-ին հրետանային դիվիզիոնը տեղակայվեց նոր բնագծում ու շարունակեց ծառայությունը դաշտային պայմաններում:
Հակոբ Պապինյան - Տեղյակ էլ չէինք, որ արձակուրդ պիտի գանք: Շատ պատահական ասացին, որ վաղն արձակուրդ պիտի գնաք:
Տասն օր արձակուրդ, նաև ճանապարհածախս ու օրապահիկ են ստացել: Երկրորդն օրն է՝ տանն է, այցելել է հարազատներին, գտել ծառայակիցներին:
Սևակ Ռամազյան (ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող) - Վիրավոր ընկերներ ունեմ, բոլորին էլ այցելելու եմ: Իրենք ևս եկել են տեսակցության, ես էլ բոլորին կայցելեմ, ամեն ինչ լավ է:
Հակոբն ու Սևակը ծառայակիցներ են. Հակոբն Ալավերդուց է, Սևակը՝ Շնողից: Այնպես ստացվեց, որ ռազմի դաշտում հայտնվեցին տարբեր դիվիզիոններում, սակայն հազվադեպ խաղաղ պահերին ամեն ինչ անում էին միմյանց մասին իմանալու համար: Ուրախ են, որ արձակուրդն էլ համընկել է, ժամանակ կունենան ամեն ինչի մասին խոսելու համար:
Սևակ Ռամազյան - Դե, առաջին բանը տուն գալն էր, բայց նաև ուզում էինք հաղթանակած տուն գալ, բայց, ափսոս, չստացվեց: Այնպես չէ, որ կոտրվել ենք, հաղթել ենք բարոյապես, էլի կհաղթենք:
Պատերազմի ամեն մի օրվա մասին կարելի է շատ պատմել, բայց խուսափում են երկար զրույցներից: Միայն մի ծիծաղաշարժ դեպք է հիշում Սևակը: Հերթական ռմբակոծությունից հետո շարքից դուրս էր եկել տեխնիկան, իսկ իրենց դիվիզիոնի Պոնչը նույնիսկ այդ պայմաններում չէր դադարում կատակել:
Սևակ Ռամազյան - Չգիտեր, թե ինչ ասի, ասաց. «Վայ, տուշոնկան գրադի մեջ մնաց»:
Հիշարժան էր նաև այն, որ չգիտես ինչպես, ալավերդցի Հակոբին էին հասել քաղցրավենիքն ու նամակները:
Սևակ Ռամազյան - Հաճելի էր, որ մեր հարազատ քաղաքից, Ճուղուրյանների ընտանիքից մեզ էր հասել մեկ բանկա մեղր, շատ հաճելի էր:
Նաև բազում-բազում նամակներ դպրոցականներից, աղջիկներից, որոնք գրում էին, թե սպասում են կռվող տղաներին: Ծնողները հուզված են, ասում են՝ որդիների անակնկալը ստացվեց:
Նորա Չուփուրյան (Հակոբի մայրը) - Ապրումները շատ հուզիչ են, շատ ուրախացանք, որ երեխաները վերադարձան, թող բոլորն առողջ վերադառնան:
Տղաների և նրանց ընտանիքի կյանքում ամեն ինչ գրեթե փոխվել է. պատերազմ տեսած տղաներն ասում են՝ մարտի դաշտում ձևավորված ընկերությունն ուրիշ է, այլ է նաև զինվոր-հրամանատար հարաբերությունը: Պատերազմն ամեն ինչ փոխեց, կյանքին հիմա լրիվ այլ կերպ են նայում: