ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին: Նա հիշեցրել է որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հնարավոր եղավ ամբողջությամբ դադարեցնել արյունահեղությունը, և հիմա իրավիճակը կարգավորվում է:
«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- տեղեկացրել է ՌԴ նախագահը:
Վլադիմիր Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը, տեղահանվածների վերադարձը:
«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են տեղահանվածների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պահպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշել է ՌԴ նախագահը:
Պուտինը խոսել է նաև ՀԱՊԿ նիստում հաստատման ներկայացված համաձայնությունների փաթեթի մասին:
«Այս տարի երկրների համատեղ աշխատանքի արդյունքներով ՀԱՊԿ այսօրվա նիստին հաստատման համար ներկայացվել է համաձայնությունների լուրջ փաթեթ, այդ թվում՝ արդյունքների ներկայացում և հայտարարություն արդար և կայուն խաղաղության ձևավորվելու մասին»,- ասել է նա: