Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում իրականացված հսկողության արդյունքում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է «ԼՍԴ» տեսակի թմրամիջոցի 100 բլոտտեր:
Դեպքի առնչությամբ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ի.Բ.-ն: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինս կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: