Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների գնահատականներով՝ ԱՄՆ նախագահ ընտրված դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հաստատել է իր վարչակազմի պատրաստակամությունը` աշխատելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (JCPOA): Համապատասխան հայտարարությունը քաղաքական գործիչը կատարել է չորեքշաբթի The New York Times-ի կայքում հրապարակված հարցազրույցում:
Բայդենն ընդգծել է, որ իր համոզմամբ գործող համաձայնագիրը, որը պետք է վերահսկի Թեհրանի միջուկային զարգացումը, «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիք» է: Հակառակ դեպքում, կարծում է Բայդենը, պետք է զգուշանալ մի իրավիճակից, երբ միջուկային զենք կձգտեն ստեղծել Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը և տարածաշրջանի այլ երկրներ:
Ինչ վերաբերում է Չինաստանի հետ հարաբերություններին, ապա Բայդենը դեռ մտադիր չէ որէէ բան փոխել Պեկինի նկատմամբ Թրամփի քաղաքականության մեջ:
Դեմոկրատ քաղաքական գործիչը բացատրել է, որ նախ ուզում է վերլուծել Չինաստանի հետ առկա համաձայնագիրը, ապա խորհրդակցել Ասիայում ու Եվրոպայում ԱՄՆ ավանդական դաշնակիցների հետ, որպեսզի «հնարավոր լինի մշակել հետևողական ռազմավարություն»: