ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը:
Առաջարկվում է «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ն ընդգրկել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ՀՀ օրենքի մաս կազմող մասնավորեցման առաջարկվող օբյեկտների ցանկում՝ տեղեկացրեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Ընկերությունը մասնավորեցման ներկայացվող օբյեկտների ցանկում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել Արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկը և այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցումը հնարավորություն կտա կատարել ներդրումներ, կառավարել ավելի արդյունավետ: Մասնավորեցման արդյունքում կձևավորվի ծառայությունների մատուցման մրցակցության շուկա, ինչը կնպաստի մատչելի և որակյալ ծառայություն մատուցող ծառայաությունների ստեղծմանը և բարձրորակ լեռնափրկարար ծառայության մատուցմանը»,- ասաց Բաբայանը:
Նարեկ Բաբայանն ընդգծեց, որ ընկերությունը գործում է առանց պետական պատվերի, և ընկերության գործունեությունը պարտադիր լիցենզավորման ենթակա չէ: Մասնագիտացված ստորաբաժանումների անձնակազմերը պարբերաբար անցնում են ուսուցում և ստանում են փրկարարի որակավորում: Ըստ Բաբայանի՝ ընկերությունն իր կանոնադրությամբ վերապահված գործառույթներով ՀՀ-ում միակն է, բայց ոլորտը կարգավորող օրենքները չեն արգելում համանման ծառայության մատուցումն այլ կազմակերպությունների կողմից: