ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրեց, որ Կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ:
«Նախատեսվում է սահմանել, որ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության, այդ թվում՝ բնակավայրերի, սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների համար ներկայիս ճանապարհային հարկի փոխարեն յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար վճարվում է տեղական տուրք՝ ավագանու սահմանված կարգին և պայմաններին համապատասխան: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտոնական գոտիներում տեղադրվող սոցիալական գովազդն ազատվում է հարկումից: Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 25 տոկոսի չափով»,- ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը նշեց, որ, եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին՝ բացառությամբ բնակավայրերի, սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտոնական գոտիներում տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված հարկի 10 տոկոսի չափով:
Օրենքն, ըստ նախագծի, ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից: