Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով և փորձագիտական գործունեության ընթացքում՝ համապատասխան լիցենզիայի առկայութան պարագայում: Ըստ փոխնախարարի՝ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՄԻԱՎ վարակով ապրող անձանց իրավունքները պաշտպանելու, առկա օրենսդրական բացերը լրացնելու, ոլորտը կարգավորող օրենսդրությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային մի շարք սկզբունքներին եւ մոտեցումներին համապատասխանեցնելու, ՄԻԱՎ-ի կանխարգելման եւ բուժման ծառայությունների առավելագույն հասանելիություն ապահովելու եւ, այդպիսով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում առկա մարտահրավերներին էլ ավելի արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Պատգամավորները նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Քննարկված օրենսդրական փաթեթներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը: