Որքանո՞վ են պահպանվում Covid-անվտանգության կանոնները պետական հիմնարկներում. հերթական ստուգայցերը Վանաձորում էին:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։
Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։
Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, դիմակները պատշաճ կրել են, առկա են եղել ախտահանիչ նյութեր, նշանակված է եղել Covid-անվտանգության կանոնների պահպանման պատասխանատու։
Այնուամենայնիվ, սահմանված նորմերի որոշ խախտումներ ԱԱՏՄ տեսուչները գրանցել են։ Մասնավորապես, չեն եղել օգտագործված թափոնների համար նախատեսված ոտնակով, փակ աղբամաններ, հեռավար ջերմաչափներ, թերություններ են եղել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյաններում։
Հիմնարկներում առկա եղանակով աշխատել են 60 և ավելի բարձր տարիքի աշխատակիցներ, տեսչական մարմնի մասնագետներն իրազեկել են այդ տարիքային խմբի համար աշխատանքը հեռավար կազմակերպելու հնարավորության մասին։
Մյուս խախտումների համար տրվել են դրանք արագ վերացնելու համապատասխան հանձնարարականներ։