Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի գլխավորությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարտին Շյուպը նշել է, որ ԿԽՄԿ-ի ու Հայաստանի միջև արդյունավետ երկխոսություն է հաստատվել: Նա նաև կարևորել է Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցությունը:
Քննարկվել են գերիների փոխանակման, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման ուղղությամբ կատարվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշել է, որ պետք է ամեն ինչ անել այս գործընթացը հնարավորինս արագացնելու համար:
Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Առաջարկվում է նաև ստեղծել մեխանիզմ, ըստ որի՝ նոր գերիների հայտնաբերման պարագայում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է առանց նախապայմանների վերադարձնել նրանց:
Կողմերը անդրադարձել են նաև Արցախում հումանիտար իրավիճակին և ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցերին: