Արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն աջակցում են Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի ընտանիքներին: Ոչ միայն սննդի և կացարանի հարց են լուծում, այլև կազմակերպում են փոքրիկների ժամանցը, տարբեր հմտություններ սովորեցնում: Ընթացքում էլ կապվում են երեխաների հետ, հարազատանում:
Նրանք հիմա Հայաստանում են ապրում՝ ժամանակավոր. արցախցի երեխաներ են: Մոտ 2 ամիս առաջ Հայաստան եկան հրետակոծությունից խուսափելու համար, հիմա ոմանք տեղ չունեն գնալու, ոմանք սպասում են ավելի անվտանգ պահի՝ հայրենի տան ճրագը նորից վառելու համար: Իսկ քանի դեռ Հայաստանում են, գլխավոր հարցերից մեկը երեխաների զբաղվածությունն է:
Հայաստանի տարբեր մարզերում «Փրոջեքթ թոփ» կազմակերպությունն աշխատում է արցախցիների հետ: Ապահովում են սննդով ու կացարանով, մատուցում են սոցիալական, բժշկական ու կրթական ծառայություններ: 14 կացարանում կրթում են երեխաներին և օգնում մեծահասակներին, որոնց թիվը հասնում է 2000-ի, իսկ այս ամենը խոսքից գործի են վերածում կամավորները:
Ցոլեր Շխրդմյան-Մանիսաջյան (լիբանանահայ) - Այժմ կգործեն 30 կամավորներ այս կազմակերպության մեջ, որոնք եկած են աշխարհի տարբեր երկրներեն, ըսենք՝ Ամերիկայեն, Լիբանանեն, Սուրիայեն, նույնիսկ Ֆրանսայեն, նույնիսկ Արցախեն կամավորներ կան, որոնք, ըսենք, ուսման հատուկ ծրագիր կա, որ հիմա կօգտագործենք:
Արցախցի կանանց համար փոքր բիզնես են ստեղծել, կարի մեքենաներ են բերել՝ հոգսը որոշակիորեն թեթևացնելու համար: Երեխաներին էլ տարբեր հմտություններ ու առարկաներ են դասավանդում:
Ցոլեր Շխրդմյան-Մանիսաջյան - Ինչպես կտեսնեք, այսօր արվեստի պահերն են՝ երաժշտություն, քաղաքական գիտություններ, պարարվեստ, անգլերեն, հայերեն, գրականություն և անգլերեն դասեր էլ են անցնում հեռավար՝ Ամերիկայից:
Մինչև երեխաները երգում են, տեսախցիկի օբյեկտիվից այն կողմ կամավորները նկարչական պարագաներն են դասավանդում՝ այսօր ընդմիջումը կարճ է՝ նկարահանող խումբն է խանգարում: Կիթառին փոխարինում է վրձինը, որտեղ երեխաներն ամենից լավ են կարողանում արտահայտել այն մտքերը, որ երբեմն բառերով դժվարանում են արտահայտել:
Եվա Ղազարյան - Բա ինչի՞ ես դեմքը դեղին անում հնադարյան մարդու, որովհետև գունավոր ա եղել դեմքները, դեմքը չէ, է, էն որ գունավոր բաներ են քսում: Բա ի՞նչ գույներ ես էլի անելու քո պատկերացմամբ՝ կարմիր ու, եթե կա՝ շագանակագույն:
Բոլորն անխտիր կարոտել են իրենց տունը, սպասում են, թե երբ են ծնողներն ասելու, որ հետ են գնում:
Վերա Ղազարյան - Դպրոց էինք գնում, ընկերների հետ էինք խաղում, կարոտել եք ...
Մարեն գիտի՝ տանկն ինչ է, բայց իր պատկերացումների մեջ այն այլ կիրառություն ունի:
Մարե Միրզոյան - Տանկից կապված են փուչիկները, և թռչունները թռչում են... Էս տանկը խաղաղություն ա բերելու մեզ:
Քարինտակցի քույրեր են՝ Աննան ու Կարոլինան: Աննան թղթին է հանձնում դեդո-բաբոյի պատկերը, փոքր քույրը Ղազանչեցոցն է հիշում:
Կարոլինա Սարգսյան - Արջը գնում ա եկեղեցի, լացելով գնում ա եկեղեցի... բայց խի հենց արջը, սիրո՞ւմ ես արջերին՝ հա՛, ես էլ՝ կապիկներին:
Փոքրիկների աշխատանքից գոհ է նաև կամավոր ուսուցչուհի ընկեր Հասմիկը: Ձեռքի տակ գույն ու թուղթ ունենալը բավարար են, որ երեխաները կարողանան արտահայտել հույզերն ու հոգևոր վիճակը՝ վստահ է Հասմիկը:
Հասմիկ Սնգրյան (կամավոր) - Բոլորի աշխատանքներն էլ շատ յուրահատուկ են ու ամեն մեկի ներաշխարհն ա արտահայտում, ու, էդ ամեն ինչը տեսնելով, զգում ես ինչ-որ չափով, թե երեխան ինչերի միջով է անցնում, ինչ է զգում:
Միացյալ Նահանգներում ամեն ինչ թողել ու պատերազմի օրերին իր ազգին օգնության հասնելու է շտապել Կարինեն: Անում է այն, ինչ պետք է ու կարողանում է:
Կարինե Գնդոյան (կամավորական, ԱՄՆ) - Այդ 2-3 ժամը, որ մենք գալիս ենք երեխաների հետ ծրագիր ենք անում, արդեն երեսներին երևում է տարբերությունը, ես ուզեցի անձնապես աշխատել երեխաների հետ, մանավանդ 2 ժամվա ընթացքում երեխաների մտահոգությունները փոխվում են, հանգստանում են: Այդ ծրագրով էի եկել:
Կարինեն արդեն պետք է մեկնած լիներ, չկարողացավ, կապվել է երեխաների ու գործի հետ, հաճելի է ու պարտավորեցնող, երբ կարողանում ես ուրախ պահեր պարգևել երեխաներին: Այսօր իր դերը խոզուկն է: