44-օրյա պատերազմում զենքով ապրած և ապրելու համար կռված տղաներն առաջին օրն է՝ մեկ շաբաթով վերադառնում են տուն:
Կարենը միայն իր կյանքի համար չի կռվել: Պատասխանատվությունը մեծ էր՝ նաև կրտսեր եղբոր կյանքը պիտի փրկեր: Հիմա վերքերի ժամանակը չէ՝ պիտի հասնեն մայրիկին:
Տիկին Հեղինեն չգիտի՝ որ որդուն հասցնի գրկել:
Հեղինե Ալեքսանյան - Սենց անակնկալ երևի թե բոլոր ծնողները կցանկանային, որ իրենց .... վսյո, նորմալ ա սաղ: Երևի առաջի դեպքն է, որ հուզվում եմ, բոլորը կվկայեն:
Հոկտեմբերի 2-ին թեժ մարտերին Շահենը վիրավորվել էր:
«Սենց, էլի, այ էս մասերս էին, ... պուլյա էր, ավտոմատով կրակել էին»,- ասում է նա:
Տանն առաջինն իմացել էր նախ՝ հայրը, հետո՝ մյուս եղբայրը:
Ալեքսանդր Խաչատրյան - Արդեն որ իմացանք, որ վիրահատել են, ամեն ինչ բարեհաջող է անցել, շատ ուրախացանք, էս մարտի դաշտից բոլորը՝ ով փրկվել է, իրոք հրաշքով է փրկվել:
Հիմա կրտսեր ու ավագ Խաչատրյանները նաև զինակից ընկերներ են. Սանասարից Մեխակավան եղբայրները միասին կռվել են: Մանրամասների մասին երկար խոսել չի կարելի:
Շահեն Խաչատրյան - Հա, ինքը չլիներ, ես ստեղ նստած չէի լինի...
Կարեն Խաչատրյան - Էդ օրը ուժեղ կռիվ էր, արդեն հարձակվել էին մեր վրա, որովհետև օդային ուժեր էլ ունեին իրանք, փորձեցինք իրար օգնեինք, էկանք հասանք մեր ուզած տեղը, մեր հրամանատարը մեզ փրկեց:
Տղաների վերադարձից ամենաշատը հուզվել են տան ավագ տղամարդիկ. առավել հուզվել են, որ մարտի դաշտում եղբայրը եղբորն է փրկել՝ հուզված պատմում են տղաների հայրն ու 86-ամյա Վոլոդյա պապիկը:
Նշան Խաչատրյան - Մենակ մտածում էի՝ երկրում խաղաղություն լինի, էրեխեքը խաղաղ լինեն:
Վոլոդյա Խաչատրյան - Էս պատերազմը, որ սկսվեց, ուզում ես լավ բան մտածես, բայց լավ բան մտքովդ չի գալիս:
Խաչատրյան չորս եղբայրների մայրը դեռ երեկ գուշակել էր՝ տղաներն ասել են՝ գնում են ցախ հավաքելու, բայց սիրտը հուշել էր, պատրաստվել էր: Տղաներն անհամբեր են. մեկը մի շաբաթով է արձակուրդում, մյուսը մի օրով է հիվանդանոցից խնդրել՝ գա եղբորը տեսնի, էլի կգնա բժիշկների հսկողությամբ կազդուրվելու: Բայց երկուսի նպատակն էլ կրկին մեկն է՝ նորից զինվորական հագուստով ու զենքով իրար կողք կողքի խրամատ են վերադառնալու: