Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ևս մեկ փուլ: Կառույցը կարևոր է համարում Ադրբեջանի կատարած հանցագործությունների ապացույցների ձեռքբերումը:
Ամուսնու հետ հեռախոսով վերջին զրույցը նոյեմբերի 3-ին էր, հիշում է բարձր ծիծաղն ու վերջին խոսքերը՝ «Քիչ մնաց, կվերադառնաք Շուշի»: Պատերազմն սկսվելու հաջորդ օրն ամուսինը կնոջն ու երկու երեխաներին ուղարկել է Գորիս, ինքը մնացել՝ պաշտպանելու Շուշին:
Անուշ Ալեքսանյան- Նոյեմբերի 4-ից, որ արդեն տեղեկություն չենք ունեցել, սկեսրայրս սկսեց զանգել, մենք էլ, էլ ոչ մի կապ, անընդհատ անհասանելի էր:
Ամուսնուն ընկերները վերջին անգամ տեսել են Շուշիից ներքև՝ Քարին տակում՝ մեքենան տանում են: Բոլոր տեղեկությունները փոխանցել է պատկան կառույցներին:
Անուշ Ալեքսանյան- Մինչև այսօր էլ, արդեն 26 օր է՝ ոչ մի տեղեկություն չունենք:
ՄԻՊ-ը գերիների, անհետ կորածների ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ է: Բայց կառույցը բանակցողն ու նրանց վերադարձնելու ժամկետները քննարկողը չէ:
Արման Թաթոյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան)- ՄԻՊ-ը գործընթացին աջակցում է, ապացույցներ ենք ստեղծում, պահանջներ ենք գեներացնում, ներկայացնում միջազգային կառույցներին:
Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է պատերազմի ընթացքում գերիների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների ևս մեկ փուլ: Առկա են պատերազմական հանցագործությունների ակնհայտ հատկանիշներ՝ էթնիկ ատելության շարժառիթներով:
Արման Թաթոյան- Մեր նպատակը մեկը պետք է լինի՝ այս ճիշտ ուղերձները հասցնենք, կարողանանք ապահովել այն ամենի համար պատասխանատվության, գոնե հիմքերի ամրապնդումն այս փուլում, այն վայրագությունները, որ կատարել են:
Ապացույցների հիման վրա խիստ հրատապ է Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի ամրապնդումը: Դեպքերն անհատական զինվորների կատարած հանցագործությունները չեն, այլ՝ պետական բարձր հովանավորությամբ իրականացվող քաղաքականությունը:
Արման Թաթոյան- Ադրբեջանական իշխանություններին պետք է շատ հստակ լինի, որ ՀՀ իշխանությունը բոլոր ջանքերը գործադրում է, և մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի նրանք անպատիժ չմնան, որովհետև անպատժելիությունը ոչ միայն կրկնելու է մարդու իրավունքների կոպիտ խախտումը, այլ ստացվելու է՝ թողնում ենք նրանց կատարածներն անհետևանք։
Խոսքը ոչ միայն գերիների, այլև սպանված մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորված դաժանությունների, խոշտանգումների մասին է: Թաթոյանի պնդմամբ՝ կարևոր է փաստերի ժամանակին արձանագրումն ու կառույցներին տեղեկացնելը: Օրինակ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հադրութի մեր երկու հայրենակցի դիտավորյալ սպանության հիմքով հայտարարեց՝ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է:
Արման Թաթոյան- Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ գերագույն հանձնակատարն Արցախի հետ կապված նման հայտարարություն է անում՝ բոլոր ժամանակներում:
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները: Այս կերպ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Բացի այդ, Ալիևը գիտակցաբար ժամանակ է ձգում, ՄԻԵԴ-ին չի տրամադրում հիմնավոր տեղեկություն գերեվարման փաստի, գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ:
Արման Թաթոյան- Հակառակը, դրանով շատ ավելի են վնասում իրենց: Միջազգային կառույցները պետք է փաստեն՝ մարդու իրավունքները վեր են քաղաքականությունից:
ՄԻՊ-ը շարունակում է փաստեր, ապացույցներ ուղարկել միջազգային կառույցներին: Ահաբեկիչների հետ կապված՝ Թաթոյանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին 4 միջնորդություն է ներկայացրել, հինգերորդն էլ է պատրաստ՝ կուղարկի միջազգային կազմակերպությանը: