Ուժերի պատմական ահռելի անհավասարության պայմաններում Ադրբեջանին միայն մասնակիորեն հաջողվեց զինված հակամարտության քաղաքական նպատակին հասնել՝ կարծում է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:
Կոնստանտին Սիվկով (Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի նախագահի տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր) - Հայաստանի և ԼՂՀ-ի զորքերը թույլ չտվեցին ոչնչացնել Ղարաբաղը, հաջողվեց պահպանել ինքնիշխանությունը։ Բայց հաշվի առնելով ադրբեջանական բանակի գերակշռությունը ուժերի և միջոցների մեջ՝ չի կարելի չհիանալ Ղարաբաղի պաշտպանության բանակի զորքերի տոկունությամբ և մարտական խիզախությամբ, ղեկավար կազմի օպերատիվ-մարտավարական պատրաստվածությամբ։
Պատերազմի առաջին փուլում թշնամին կարողացավ առաջ անցնել մի քանի կիլոմետր միայն և այն էլ՝ հսկայական կորուստներով, գումարած գրոհայինները:
Կոնստանտին Սիվկով - Ադրբեջանի ԳՇ պետի խոստովանությամբ նաև՝ օպերատիվ ղեկավար կազմի անկարողության պատճառով ադրբեջանական բանակի ղեկավարումը տրվեց թուրքերին։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում, էլ չեմ խոսում ներկայի մասին, առաջխաղացման տեմպերը կարող են լինել օրական տասնյակ կիլոմետրեր, բայց ոչ մի քանի հարյուր կիլոմետր։
Ըստ Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի դոկտորի՝ Ադրբեջանն ունեցել է մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մեծաքանակ անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկայի անհամեմատ գերազանցություն։ Հայկական կողմը ոչնչացրեց ադրբեջանական անօդաչուների երեք քառորդը։ Չնայած Թուրքիայի ճնշմանը՝ Ալիևը համաձայնեց միայն ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Դա ևս նշան էր՝ այլևս չեն կարող պատերազմել։ Կենդանի ուժի և տեխնիկայի կորուստները անհամեմատ մեծ են հայկական կողմի համեմատ, ինչի մասին նրանք լռում էին պատերազմի առաջին օրերից։
Սիվկովը կարծում է՝ կոնֆլիկտը սրանով կավարտվի, ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է, որ Ադրբեջանն այլևս չի համարձակվի անցնել հարձակման։
Կոնստանտին Սիվկով - Այն, ինչ արեց Ղարաբաղի պաշտպանության բանակը լեռնային տեղանքներում, մեծագույն ռազմաստրատեգիական ձեռքբերում է, այս պատերազմի պաշտպանական գործողությունները աշխարհի ռազմական ակադեմիաներում դեռ շատ երկար կուսումնասիրվեն։
Ղարաբաղյան պատերազմում հիմնական հաղթող դուրս եկավ ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, որն իր դիրքերն ամրապնդեց տարածաշրջանում։ Թուրքական նկրտումներն այսպիսով չեն ավարտվում՝ ասում է Սիվկովը։ Արցախյան պատերազմի սցենարը կարող է կրկնվել Դոնբասում։
Կոնստանտին Սիվկով - Էրդողանը չի հրաժարվել մեծ Թուրանի մտքից, որի կազմի մեջ պետք է մտնեն ողջ Հյուսիսային Կովկասը, ռուսական իսլամական հանրապետությունները՝ Բաշկիրիան ու Թաթարստանը, նրանք կգործեն այս ուղղությամբ։ Արևմուտքից կհարվածեն Դաղստանին ու Չեչնիային։ Այս պայմաններում, իհարկե, Թուրքիայի հայտնվելն այնտեղ լուրջ վտանգ է Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար։
Սիվկովը լարվածության նոր ալիք է կանխատեսում․ Թուրքիան ամեն կերպ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի համար՝ հրահրելով Ուկրաինային ռազմական գործողությունների Դոնեցկի և Լուգանսկի շրջանում իր անմիջական մասնակցությամբ։