Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
Այսօր, ստեղծված իրավիճակի հետևանքով, կոնֆլիկտի ազդեցությունից տուժած մարդասիրական կարիքները բազմազան են՝ սոցիալ-առողջապահականից մինչև հոգեբանական, և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն աշխատում է ՀՀ ամբողջ տարածքում՝ որպես չեզոք և անկախ կազմակերպություն, իր ողջ մարդկային և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացման միջոցով անում է հնարավորը` այդ կարիքներին արձագանքելու համար՝ ասում է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ, մոբիլիզացված 1300 կամավորների միջոցով, Երևանում և 9 մարզերի 34 համայնքներում ավելի քան 45000 անձի տրամադրվել են՝ սննդի, հագուստի, հիգիենիկ պարագաների աջակցություն, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաներ, բժշկական սարքավորումներ, առաջին օգնության դասընթացներ և արկղիկներ, սայլակներ, քայլակներ և ձեռնափայտեր:
Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբաններն ու առաջին օգնության թիմերը հոգեբանական աջակցություն և հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել մոտ 10000 մարդու, այդ թվում՝ հոսպիտալներում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին, ՀԿԽԸ թեժ գծով դիմող անձանց, հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների նույնականացման գործընթացներին մասնակցող քաղաքացիներին, ինչպես նաև անհայտ կորածների և գերիների հարազատներին։
ՀԿԽԸ հատուկ պատրաստված կամավորներն աշխատում են 7 մարզերի ժամանակավոր կացարաններում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և հյուրանոցներում ապաստանած 2500 երեխաների հետ՝ կազմակերպելով նրանց առօրյան և տրամադրելով հոգեբանական աջակցություն։
-
ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինծառայողների բուժման և վերականգնման գործընթացին։
-
Հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը կանխելու և տարանջատված ընտանիքների վերամիավորմանը նպաստելու նպատակով ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որը մինչ օրս ստացել է մոտ 3200 զանգ։
-
ՀԿԽԸ-ն աջակցել է մասնավոր կացարաններում ապաստանած մարդկանց՝ նրանց համար ապահովելու հիմնական ծառայությունների հասանելիությունը, ինչպիսիք են էլեկտրականությունը, ջեռուցումը և ջուրը, տրամադրելով 311 միլիոն ՀՀ դրամ՝ նոյեմբեր ամսվա կոմունալ ծախսերի համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3100000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։