Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ ստանում է բազմաթիվ դիմումներ՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:
«Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ:
Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:
Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:
Կոնտակտային տվյալներ` ք. Երևան, Ուլնեցու 56/5, «Թեժ գծի» հեռախոսահամար- 81-35»,- գրված է հայտարարությունում: