Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Յուրի և Դենիս Ջորկաեֆները հյուրընկալվել են գրասենյակում: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն է հայտնել ֆրանսահայ եղբայրներին պատերազմի օրերին Հայաստանին ցուցաբերած ահռելի օգնության համար և հույս հայտնել, որ այս համագործակցությունը գնալով կխորանա:
Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆն ընդգծել է, որ պատերազմի ընթացքում հատկապես Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ սերտ և արդյունավետ աշխատանք է ծավալվել:
«Հայաստանը սփյուռքին է պետք և սփյուռքը՝ հայրենիքին»,- նշել է Դենիս Ջորկաեֆը: Աշխարհի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն ընդգծել է, որ մշտապես ներգրավված է եղել Արցախին օգնելու գործում և պատրաստակամ է այն շարունակել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ֆրանսահայ համայնքի հետ աշխատանքին առչվող մի շարք ուղղություններ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ջորկաեֆ եղբայրների ուղեկցությամբ այցելել է «Մենք հայ ենք» միասնական բարեգործական հիմնադրամ, որը գործում է սփյուռքահայերի, մասնավորապես՝ ֆրանսահայերի ջանքերով: Հիմնադրամն հումանիտար օգնություն է տրամադրում արցախահայությանը: Հյուրերը շրջել են հիմնադրամում, ծանոթացել ֆրանսահայ երիտասարդ կամավորների հետ: