Հացադուլի 9-րդ օրը Կառավարության շենքի դիմաց վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները դադարեցրել են այն Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցից ու հորդորից հետո: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ նշելով՝ երկար զրույց են ունեցել Վեհափառի հետ և նրա հորդորին չանսալ չեն կարողացել:
Մանուկյանը նաև ֆեյսբուքյան իր էջում է մանրամասներ ներկայացրել Գարեգին Բ-ի հետ այսօրվա հանդիպումից:
«Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր պայքար:
Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։
Մանրամասները՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորակցության և սրտացավության համար»,- ասված է հացադուլ հայտարարած առաջին քաղաքացու՝ Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ կիրակի օրը բազմաթիվ քաղաքացիների ու Վեհափառի հեռավար հորդորով Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանը դադարեցրել էին հացադուլը, իսկ Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանն ու Տիգրան Սուքիասյանը շարունակում էին: