ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Դավիթ Ռոբերտի Նահապետյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը ներկայացրեց Դավիթ Նահապետյանի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը:
Նահապետյանը ծնվել է 1977 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում: Ավարտել է Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1994-1999 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բանկային գործ բաժինը: 1999-2003-ին սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: 2003 թ. պաշտպանել է «Ժամանակակից Ռուսաստանում ներքին պետական պարտքի կառավարման դրամավարկային գործիքները» թեմայով ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թ. ուսանել է ԱՄՆ-ի Թաֆսթի համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցում՝ «Հանրակրթության կառավարում, հանրային քաղաքականություն» կրթական ծրագրում: 2006-2020 թթ. մասնակցել է մի շարք սեմինարների, համաժողովների տարբեր երկրների բանկերում, ֆինանսական կառույցներում: Դավիթ Նահապետյանը մի շարք հրապարակումների և հետազոտական աշխատանքների հեղինակ է:
Նահապետյանը 2006-2015 թթ. աշխատել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, 2015-2017 թթ.՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, 2017-ից մինչև օրս զբաղեցնում է ԿԲ գլխավոր քարտուղարի պաշտոնը, գործադիր կոմիտեի անդամ է:
Դավիթ Նահապետյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» խմբակցությանը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Ասաց, որ ԿԲ-ում գրեթե 15 տարի ի պաշտոնե ներգրավված է եղել կառավարման համակարգում՝ սկսած ռազմավարական պլանավորումից մինչև ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպում, անմիջական մասկացություն է ունեցել գործադիր մարմնի կողմից որոշումների կայացման գործընթացին և կոորդինացրել է ֆունկցիոնալ ստորաբաժանումների համագործակցությունը:
Որպես ֆինանսական համակարգի կարգավորման առաջնահերթություն՝ Նահապետյանը դիտարկում է դիվերսիֆիկացիայի խնդիրը: Ասաց, որ այդտեղ հստակ անելիք է տեսնում:
«Ֆինանսական գործիքների կիրառմամբ ԿԲ խորհուրդը պետք է առավելագույն ջանք ներդնի ֆինանսական համակարգի այլ հատվածների, հատկապես, կապիտալի շուկայի ապահովագրության համակարգի ընդլայնման և զարգացման նպատակով: Կապիտալի շուկայի տեսանկյունից, կարծում եմ՝ անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների մասնավորեցում իրականացնել բորսայի, հրապարակային տեղաբաշխման միջոցով: Խոշոր շրջանառություն ունեցող ընկերություններին աստիճանաբար վերածել բաց բաժնետիրական ընկերությունների: Հաջորդ կարևոր ոլորտը դիվերսիֆիկացիայի առումով ապահովագրական ոլորտն է և այստեղ ապահովագրական ընկերությունների միջոցով պարտադիր ապահովագրության զարգացումն է, կյանքի ապահովագրության ներդրումը, որն էապես կարող է խթանել ոլորտի զարգացմանը»,- ասաց Նահապետյանը:
Թեկնածուն առաջնահերթություն համարեց նաև այն, որ կցանկանար ուշադրություն դարձնել սպառողների շահերի պաշտպանության ֆինանսական կրթման հիմնախնդրին:
«Վերջին 10 տարում ստանձնելով այս գործընթացը՝ ԿԲ-ին հաջողվել է ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ իրականացման անհրաժեշտ ինստիտուցիոնալ միջավայր և կարգավորման դաշտ: Այս համատեքստում անելիքները դեռ շատ են, և ընտրվելու դեպքում իմ անմիջական մասնակցությունն եմ ունենալու իր անձնական ֆինանսները գրագետ և արդյունավետ կառավարող, իր շահերը գնահատող և դրանց պաշտպանությանը միտված ինքնուրույն քայլեր իրականացնող անհատի, քաղաքացու ձևավորման քաղաքականության մշակմանը»,- ասաց Նահապետյանը:
Նրա խոսքով՝ առաջնահերթություններից է նաև ԿԲ միջազգային համագործակցությունը: Ասաց, որ կառանձնացնի հատկապես ԵԱՏՄ շրջանակում առաջիկա անելիքները: Ըստ թեկնածուի՝ մինչև 2025 թվականն անդամ պետությունների հետ համատեղ պետք է իրականացվի ֆինանսական համակարգի օրենսդրության ներդաշնակեցման ծրագիր: Ընդգծեց՝ գերխնդիր է Հայաստանի ֆինանսական համակարգի շահերն այս գործընթացում առավելապես ներկայացնել մշակվող փաստաթղթերում այնպես, որ մի կողմից առավելագույնս ապահովվի մեր ֆինանսական կառույցների ներգրավվածությունը ԵԱՏՄ ֆինանսական շուկաներում, մյուս կողմից՝ մեր շուկան ապահովագրվի անհամարժեք մրցակցությունից: