Մինչև այսօր համացանցում տարածվում են Արցախում գերեվարված զինվորների, նաև քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր: Նման մի մութ պատմության մեջ պատերազմի դադարից հետո հայտնվեցին Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող Դավիթն ու ընկերները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել էր մինչև նոյեմբերի 27-ը հիմնավոր տեղեկություն տրամադրել նրանց մասին, մինչդեռ Բաքուն խնդրել է լրացուցիչ ժամանակ՝ այն պայմանավորելով կորոնավիրուսով:
Ամեն ոտնաձայնի հետ տան դուռն արագ բացում է՝ գուցե Դավիթն է: Խոհարար որդին պատերազմը սկսելու առաջին օրից ընկերների հետ մեքենաներով օգնություն էր հասցնում Արցախ: Հասնում էին Ստեփանակերտ, բեռը դատարկում, այնտեղից էլ խաղաղ բնակչությանը տեղափոխում Հայաստան: Նոյեմբերի 11-ի լուսադեմին հերթական օգնությունն էին հասցնելու Արցախ: Մայրը գիշերը չի քնել՝ նստել են վառարանի մոտ, զրուցել մինչև լուսաբաց:
Թամարա Սարգսյան (Դավիթ Դավթյանի մայրը) - Ասաց հիմա խաղաղ է, կրակոց չկա, ի՞նչ պիտի լինի, գնանք օգնենք, առավոտ 5-ին գնաց:
Առավոտյան 8-ին հայրն է զանգել, հարցրել՝ որտե՞ղ են: Դավիթն ասել է՝ Գորիս են հասնում, մի ժամից կապ չի լինի, չանհանգստանան: Սպասել են, որ Ստեփանակերտից կզանգի, կասի՝ հետ են գալիս:
Տիգրան Դավթյան (Դավիթ Դավթյանի հայրը) - Պիտի լավ լինի, այս տղերքը կիսատ գործ ունեն, պիտի գան, շարունակեն լավ բաներ անել հայրենիքի ու հայ ժողովրդի համար:
Երկու օր լուր չունենալով՝ գնացել են Ստեփանակերտ՝ որդուն գտնելու: Թակել են հնարավոր բոլոր դռները, բայց ապարդյուն: Մի քանի ժամ կանգնել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին՝ գուցե մեքենայով անցնի: Հենց այդտեղ էլ աղջիկը պատահաբար հեռախոսով տեսել է տեսանյութը՝ Դավիթը գերի է ընկել:
Թամարա Սարգսյան - Ոչ թե գերի են ընկել, այլ իրենք գողացել են մեր երեխաներին, խաղաղության ժամանակ դա գողանալ է, առևանգում:
Դավիթն ընկերների հետ գերի է ընկել Լիսագորի մոտ: Դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին: Որպես միջնորդ կազմակերպություն՝ կառույցն աշխատում է կողմերի հետ, աջակցում գերիներին: Հոկտեմբեր-նոյեմբերին կարողացել են ստանալ հնարավորություն՝ այցելելու քաղաքացիական և զինվորական անձանց, որոնք անազատության մեջ են, կապ են հաստատել ընտանիքների հետ:
Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Այս անձանց ընտանիքները տեղեկացված են, առաջին հերթին՝ նրանք են իմանում, օգնում ենք իրենց նամակը փոխանցել իրենց հարազատին:
Անհետ կորածների, գերիների հարազատներին ընդունում են ամեն օր, հավաքագրում բոլոր փաստերը. ցանկացած տվյալ կարող է դրություն փոխել:
Զառա Ամատունի - Մեր կազմակերպությունը ներկայացված է և´ Երևանում, և´ Արցախում, և´ Բաքվում, սակայն որոշումը՝ արդյոք կվերադարձնեն, երբ և ինչպես, որոշում են կողմերը:
Բավարարելով հայկական կողմի դիմումը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է հիմնավոր տեղեկություն գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը ստանալու համար Բաքվին ժամկետ էր սահմանել մինչև նոյեմբերի 27-ը:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ) - Ինչ վերաբերում է նոյեմբերի 27-ի վերջնաժամկետին, Ադրբեջանը խնդրել է լրացուցիչ ժամանակ՝ հիմնավորելով «Քովիդով»: Կորոնավիրուսը թույլ է տվել պատերազմ իրականացնել, բայց ժամանակ չունեն տեղեկատվության հավաքագրման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի խնդրանքը, տրամադրել լրացուցիչ ժամանակ՝ մինչև դեկտեմբերի 4-ը: