The National Interest պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողություններին ու, այսպես ասած, ադրբեջանական «հաղթանակին» ու դրանից բխող Ադրբեջանի համար տխուր հետևանքներին:
Ադրբեջանը նոյեմբերի 10-ը կարող է ընկալել որպես 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի նկատմամբ տարած իր հաղթանակի օր: Սակայն, տոնակատարություններից հետո, ադրբեջանցիները հավանաբար կգիտակցեն, որ նշում են Ադրբեջանի անկախության ավարտի սկիզբը:
Հոդվածի հեղինակ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը գրում է՝
Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 10-ին համաձայնեց հրադադար հաստատել, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթողի զգացողություն ուներ: Նա վերականգնել էր իր հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ տարածքային կորուստները: Ադրբեջանի նախագահն ամրապնդեց իր իշխանությունը՝ անփոխարինելի դաշնակից դառնալով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների համար: Նրա հաշվարկով՝ Պուտինն ու Էրդողանը կարող են պահպանել իր իշխանությունն Ադրբեջանում՝ երկրում ցանկացած անկարգությունների հրահրման դեպքում:
Հոդվածագիրը գրում է, որ այս պատերազմում Հայաստանը պարտվել է, իսկ Ալիևը՝ հաղթել: Սակայն Ադրբեջանը նույնպես պարտվել է: Ադրբեջանական դրոշը կարող է ծածանվել Շուշիում, սակայն Ալիևի հաղթանակի գինը Ադրբեջանի անկախությունն էր: Իր անձնական իշխանությունը կամ, ամենայն հավանակությամբ, իր կնոջ կամ որդու իրավահաջորդ լինելու մտադրությունն ամրապնդելու համար Ալիևը վաճառել է Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նկրտումներին: Թուրքիան չի պատրաստվում դուրս գալ այս տարածաշրջանից: Թուրքիան մշակութային, տնտեսական ու քաղաքական հավակնություններ ունի միավորելու Ադրբեջանը, թրքախոս երկրներին՝ հասնելով մինչև Կենտրոնական Ասիա: Ալիևն Էրդողանին դիտարկում է որպես բարեկամ, մինչդեռ Էրդողանի համար Ալիևը նպատակին հասնելու միջոց է:
Հոդվածում բարձրացվում է նաև սիրիացի վարձկանների հարցը: Ալիևը ողջունել է վարձկանների մուտքն Ադրբեջան, սակայն նրանց դուրս հանելու հնարավորություն չունի: Ինչպես Թուրքիան կարողացավ վարձկաններին ուղղել հայերի դեմ, այնպես էլ հեշտությամբ կարող է վարձկանների օգնությամբ թիրախավորել ցանկացած ադրբեջանցու, որը կընդդիմանա Թուրքիայի շահերին: