6-ամյա Տիգրանն արդեն երկու տարի է՝ պատերազմ է հայտարարել ծանր հիվանդությանը: Երեխան պայքարում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:
Անուշ Գրիգորյան - Ունենք բավականին դրական դինամիկա, երեխայիս անշարժ վիճակում ենք բերել:
Տիգրանի ծանր ախտորոշումն ընտանիքին շոկի մեջ գցեց, բայց չթուլացրեց՝ կյանքի նոր ու դժվար փուլը հաղթահարելու համար: Երկու ծանր վիրահատություններից մեկը կատարվել է Երևանում, մյուսը՝ Պետերբուրգում: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են կայուն:
Անուշ Գրիգորյան - Մենք ունենք մեծ դինամիկա, 95 տոկոսով բուժված ենք համարում: Մեծ գումարների հետ է կապված, ոչ մեկը չի կարող դուրս գալ, եթե չունենանք օգնող ձեռքեր:
Չարորակ հիվանդությանը նահանջ է պարտադրել Արյունաբանական կենտրոնի բժշկական պրոֆեսիոնալ թիմը՝ օգնող ձեռքերի հետ միասին: Փոքրիկների բժիշկն ընդգծում է քաղցկեղի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը: Հիմնադրամներն այս պահին դեռևս կարողանում են օգնել, բայց պատերազմն ու համավարակը փոխել են առողջապահական առաջնահերթությունները, գուցե դրանով պայմանավորված՝ նվազել է բարեգործական հիմնադրամներին ուղղվող աջակցությունը:
Գևորգ Թամամյան (Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար) - Որևէ երեխա չպետք է մնա առանց բուժման՝ ֆինանսների բացակայության պատճառով: Դա եղել է կարծրատիպ, աքսիոմ, դա պետք է մնա, երեխան պետք է ստանա բուժում, խնդրում, կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ այս խնդիրն ուշադրության տակ պահել, շարունակել աջակցել կառույցներին:
Նույնքան կարևոր է նաև արյան պաշարների ապահովվածությունը, հատկապես արյան հիվանդություն ունեցողների բուժման համար: Խնդիրը սրվել է հատկապես պատերազմից հետո: Նաև վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար Արյունաբանականը կոչ է անում դոնոր դառնալ:
Սամվել Դանիելյան (Արյունաբանական կենտրոնի ղեկավար) - Կատարվում են վիրահատություններ, ժամանակ առ ժամանակ արյան պահանջ լինում է, արյան պաշարների համար գալիս են, առանց դրա լուրջ խնդիրներ կունենանք:
Տարեկան մանկական քաղցկեղի շուրջ 100 դեպք է լինում: Հայ բժիշկների պայքարի արդյունքը մոտ 80 տոկոս է: Պետական հատկացումը շատ փոքր է, ախտորոշումից բուժում, դեղորայք ու նաև խնամքի փուլ՝ բուժման շղթան փակվում է՝ բարեգործական ճանապարհով:
Գևորգ Թամամյան - Հիմնադրամների հետ խոսում եմ, դեռ 2-3 ամիս կկարողանանք ապահովել համապատասխան ախտորոշում, բուժում, դրա շնորհիվ է, որ 100 երեխայից 70-80-ը բուժվում են: Խնդրանք աշխարհի հայերին՝ ուշադրության տակ պահել քաղցկեղով երեխաներին:
Վարդենիսցի փոքրիկն ապաքինվում է, նվագում բժիշկների համար: Հիմա նրան օգնում են ամանորյա բացիկ պատրաստել, գրել 2021-ի երազանքը, որ ինքը ոտքի կանգնի, եղբայրն էլ դիրքից տուն գա: