Բազում համայնքում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ծանոթացել է ներհամայնքային ճանապարհների սալարկման աշխատանքներին:
Տուֆ քարով հիմնանորոգվում են համայնքի 2-րդ, 3-րդ, 7-րդ փողոցների և 1-ին փողոցի 1-ին նրբանցքի հողածածկ մակերեսները: Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը մոտ 760 գծմ է:
Պայմանագրային արժեքը կազմել է 23.46 մլն դրամ, որից 12.9 մլն` պետական և 10.56 մլն` համայնքային ներդրումն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, իրականացվել է ընդհանուր ծավալի մոտ 85 տոկոսը:
Հարկ է նշել, որ այս տարի տուֆ քարով ճանապարհի բարեկարգման ծրագրեր են իրականացվում Լոռու մարզի 7 համայնքում՝ Բազում, Մեծավան, Հարթագյուղ, Արևաշող, Ջրաշեն, Ախթալա, Արջուտ:
Ընդհանուր առմամբ, այս մեթոդով, ինչը մարզի ղեկավարը ճանապարհի երկարակեցության և ֆինանսական մատչելիության առումով արդյունավետ տարբերակ է համարում, մարզում հիմնանորոգվում է 6.8 կմ ճանապարհ: