Արցախում վերսկսվել են աշնանացանի աշխատանքները:
Մարտակերտի շրջանում դրանք շարունակվում են լայն թափով: Պատվերներն այնքան շատ են, որ մասնավոր մեքենատրակտորային կայանում ազատ օր չեն ունենա մինչև դեկտեմբերի վերջ:
Ստեղծված իրավիճակում Արցախի հողօգտագործողները հացահատիկի սերմացուն ստանում են անվճար՝ կառավարության որոշումն է: Պետք է ժամանակ չկորցնել ու հնարավորինս շատ աշնանացան սկսել, որ հացի խնդիր չլինի:
Վիլեն Ավետիսյան (Արցախի գյուղատնտեսության նախարարի տեղակալ) - Ձեռք բերված սերմերը հավաստագրված, սերմնաբուծական տնտեսություններից ձեռք բերված սերմեր են: Որպեսզի կարողանանք պահանջարկը բավարարել, նախատեսում ենք նաև տեղական արտադրության սերմ ձեռք բերել մեր հողօգտագործողներից:
Գյուղտեխնիկայի պակաս Արցախի շրջաններում չկա՝ վստահեցնում է գյուղատնտեսության նախարարությունը: Մարտակերտի շրջանում մասնավոր ընկերությունը 1500 հեկտարի հայտ ունի: Առայժմ միայն աշխատուժի պակաս է զգացվում:
Խոսրով Օհանյան (ընկերության տնօրեն) - Պատվերները հասցնելու ենք, եթե եղանակը թույլ տա, խնդիրը միայն դրանում է լինելու: Եթե եղանակները թույլ տան, մինչև դեկտեմբերի 20-ը, 22-ն ավարտելու ենք:
Մեկ հեկտարի համար գյուղատնտեսության նախարարությունը գյուղացուն տրամադրում է 20 լիտր դիզվառելիք: Լավ բերքի ակնկալիքով մասնավոր ընկերությունը պահպանում է ագրոկանոնները: Վիլեն Ավետիսյանի խոսքով՝ փորձում են ապահովել սերմացուի պահանջարկը:
Վիլեն Ավետիսյան - Այսօրվա դրությամբ ձեռք բերված սերմի քանակը ավելի քան 4 հազար հեկտարի համար է՝ հիմնադրամի միջոցով ձեռք բերված սերմի: Գործընթացը շարունակվում է: Եթե հասցնենք ներկայացված հայտերը լրիվ ցանենք, ապա, իմ կարծիքով, բավարար կլինի մեր տեղի պահանջարկը որպեսզի բավարարի հաջորդ տարի:
Աշնանացանի ծավալների հիմքում նաև անասնակերի բազան է, որ ֆերմերային տնտեսությունները համակցված կերի խնդիր չունենան: